Thursday, July 2, 2009

«Ֆինանսատնտեսական ճգնաժամը չի խոչընդոտի գրահրատարակչությանը»














Անկախ ֆինանսատնեսական ճգնաժամի ազդեցությունից, 2009 թ-ի համար նախատեսված հրատարակչական ծրագիրը 70-80 տոկոսով կիրագործվի: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության Գրահրատարակչական գործի գործակալության պետ, Գրողների միության քարտուղար Էդվարդ Միլիտոնյանը:

Է. Միլիտոնյանը նշեց, որ պետությունը հրատրակչական ծրագիրն ամբողջությամբ, ինչպես նաև` երաժշտագիտական ծրագիրը իրականացնելու համար հատկացրել է 135 մլն դրամ: Բացի այդ` պետպատվերի շրջանակներում հրատարակություններ են լինելու հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մասին` գրողի 140-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Ինչ վերաբերում է Հ. Թումանյանի մասին աշխատություններ հրատարակելուն, ապա գրահրատարակչական գործի գործակալության պետի խոսքերով, հոբելյանական տարին պարտադիր չէ, քանի որ մեծ գրողների վերաբերյալ աշխատանքները միշտ էլ տպագրվում են` «Թումանյանն այն մեծությունն է, որի մասին եթե ամեն տարի էլ հրատարակություններ լինեն, էլի պահանջը կլինի»:

Է. Միլիտոնյանը նշեց, որ 2009 թ-ի հրատարակչական ծրագիրն այս կիսամյակից հետո կկատարվի, քանի որ ֆինանսավորման հարցերն արդեն լուծվում են: Նա հայտնեց, որ ծրագրով նախատեսված է հրատարակել շուրջ 160 անուն գիրք:

ՀՀ մշակույթի նախարարության Գրահրատարկչական գործի գործակալությունը համագործակցում է սփյուռիքի նախարարության հետ: Այս տարի, Է. Միլիտոնյանի խոսքերով, իրականացվելու է երկու ծրագիր` տպագրվելու են հայկական ժողովրդական հեքիաթներ` դասական ուղղագրությամբ, իսկ մյուս ծրագրով պարբերաբար տպագրվելու են սփյուռքի գրողների, ինչպես նաև` մշակույթի այլ ասպարեզների` նկարիչների, քանդակագործների աշխատանքներ:

Խոսելով ձեռքբերումների մասին` Է. Միլիտոնյանը նշեց, որ վերջերս ամփոփել են գրքարվեստի երկրորդ մրցույթը և տպագրված գրքերը մրցանակներ են ստացել, բացի այդ, հայկական երկու տպագրությունները` «Գույն» և «Երևան ալբոմ» միջազգային փառատոններում մրցանակների են արժանացել:

Է. Միլիտոնյանն ընդգծեց, որ իրենց առաջին խնդիրն է գրողին աջակցելը, որ նա հայտնի դառնա:

«Հայաստանում այսօր որևէ գիրք, որը ստեղծվել է ու արժեքավոր է եղել և ներակայցվել է պետական պատվերի` արժանի հեղինակների կողմից, անպայման հրատարակվել է»,- ամփոփելով խոսքը` հայտնեց Է. Միլիտոնյանը:

22.06.2009, 19:46

Aysor.am

No comments:

Post a Comment