Thursday, April 30, 2009

Ինչպե՞ս են փաստահավաք խմբի գաղտնի նյութերը հայտնվել մամուլում

«Ինչպե՞ս է, որ փաստահավաք խմբի` մեզ տրամադրած նյութը դարձել է հրապարակային, և ո՞վ այն տրամադրել մամուլին հրապարակման համար»,- հարցրեց ԱԺ Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Ս. Նիկոյանը:

Ինչպես հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը` թերթում նշված է, որ նյութը հրապարակման է տրամադրել «ԱԺ-ի մեր աղբյուրը»: Բացի այդ, նա նշեց, որ այն նույն նյութն է, ինչը տրամադրվել է հանձնաժողովին փակ ծրարով:

«Ստացվում է, որ որևիցե մեկը բացահայտում է իրեն: Բայց ես կարծում եմ` հակառակն է. սա հետքերը, իրական աղբյուրը թաքցնելու ու քողարկելու լավագույն միջոցն է»,- նշեց Ս. Նիկոյանն ու ընդգծեց, որ «երկու դեպքում էլ անբարոյականություն է կատարվել»:

Նա տեղեկացրեց, որ իր վրդովմունքն այսօր հայտնել է փաստահավաք խմբի ղեկավարին` ասելով. «Եթե ուզում եք դուրս տալ ինֆորմացիա, տվեք: Ուզում եք խախտել նախագահի հրամանագիրը, խախտեք, ինչքան ուզում եք: «Հանձնաժողովից և ինձանից գործ չունենաք: Անբարոյական խաղերի մեջ, ինձ չմտցնեք: Մի փորձեք մատնացույց անել այնտեղ, որտեղ դա այդպես չէ: Գործեք բարոյական ճանապարհով»:

Հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանն էլ հորդորեց մամուլին այսուհետ նման հրապարակումների պարագայում փակագծերում նշել, որ «պարոն Նիկոյանը և հանձնաժողովը դրա հետ կապ չունի», ինչի հետ համաձայնեց Ս. Նիկոյանն` ասելով. «Այո: Կամ, եթե կապ ունի, հստակ փաստերով թող ասվի, որ կապ ունի»:

30.04.2009, 20:27

Aysor.am

No comments:

Post a Comment