Monday, April 27, 2009

Գ. Ծառուկյան. «Կոալիցիան տուժելու է Դաշնակցության դուրս գալուց»



«Կոալիցիան Դաշնակցության դուրս գալուց հետո տուժելու է: Չէ՞ որ այն ինչքան մեծ ու միասնական լինի, այնքան ավելի ուժեղ է», - այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ ղեկավարի մեկնաբանմամբ` Հայ հեղափոխական դաշնակցությունը կոալիցիայից դուրս գալու որոշումը կայացրել է «ելնելով իր սկզբունքներից»: Գ. Ծառուկյանը համոզված է, որ ցանկացած ուժ` «լինի դիմություն, թե ընդդիմություն, պետք է որոշումներն ընդունի ի օգուտ մեր ժողովրդի»:

«Կոալիցիա չի նշանակում, որ բոլորս միևնույն հարցերին միանման ենք անդրադառնում և միանման ենք որոշումներ կատարում: Եթե այսօր այս խնդիրն է առաջացել, մենք պետք է ազգովի որոշենք, թե ի՞նչն է օգուտ մեր ժողովրդի համար», - մանրամասնեց Գ. Ծառուկյանը:

Անդրադառնալով թուրքական և ադրբեջանական մամուլում հրատարակված` սահմանի բացմանն առնչվող նախապայմանների վերաբերյալ տեղեկատվություններին` Գ. Ծառուկյանը դրանք «անհեթեթ» անվանեց` հիշեցնելով, որ «երկրի նախագահը բազմաթիվ անգամ ասել է, որ սահմանի բացումը լինելու է առանց նախապայմանների»:

«Ոչ մի նախապայման չկա: Սահմանը բացում են, բայց Ցեղասպանության ճանաչմանն այն չի խանգարում: Եթե որևիցե նախապայման լինի, նույն քայլին կդիմի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը», - ընդգծեց Գ. Ծառուկյանը:

ԲՀԿ նախագահի կարծիքով` եթե «առանց նախապայմանի հնարավոր է, որ ճանապարհը բացվի, մենք պետք է համաձայնվենք»: Միևնույն ժամանակ Գ. Ծառուկյանը համոզված է, որ «սա խաղ է, և Թուրքիան առանց նախապայմանի սահմանը չի բացի»: Առանց նախապայմանների սահմանի բացման շուրջ ծավալված խաղը, ըստ Գ. Ծառուկյանի, «ի օգուտ Հայաստանի է, քանի որ այն կօգնի Ցեղասպանության և ԼՂ Հանրապետության միջազգային ճանաչմանը»:

«Եթե մենք այդ հարցը լուծում ենք առանց նախապայմանների, մենք ոչինչ չենք կորցնում: Եթե մենք այսօր կարող ենք զբաղվել Ցեղասպանության ճանաչմամբ, եթե Ղարաբաղը կարող է միջազգային ճանաչում ունենալ, դա միայն լավ է», - բացատրեց Գ. Ծառուկյանն ու հավելեց, որ սահմանի բացմամբ թուրք հասարակությունը, ում «արգելված է արտասանել Ցեղասպանություն բառը, վերջապես հնարավորություն կունենա ճանաչելու ճշմարտությունը` իրենց պապերի կատարածը»:

Որպես ապացույց սահմանն առանց նախապայմանների բացելու իր համոզման` Գ. Ծառուկյանը նշեց, որ նպատակ ունի Ղարաբաղում մարզահամալիր կառուցել և «երբեք ռիսկի չի ենթարկի 2 միլիոն դոլարը»:

ԲՀԿ ղեկավարը նաև անդրադարձավ այն կարծիքներին, թե ՀՅԴ-ն նման քայլի է դիմել Երևանի ավագանու ընտրություններում ավելի շատ ձայներ հավաքելու համար: Գ. Ծառուկյանն անհիմն համարեց նման մոտեցումը, քանի որ, նրա խոսքերի համաձայն, Դաշնակցությունն ունի իր հիմնական ձայները` «դրանք պապական ձայներ են` 10-15 տոկոս»:

27.04.2009, 14:39

Aysor.am

No comments:

Post a Comment