Այս տարի փետրվարին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կարողացել է ձեռք բերել շուրջ հարյուր արժեքավոր ու հազվագյուտ գրքեր, որոնք կարևոր սկզբնաղբյուրային արժեք են ներկայացնում Հայոց ցեղասպանության ուսումնասիրման գործում: Այս մասին լրագրողներին հայտնեց թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Տնօրենի խոսքերով, Հայոց ցեղասպանության հիմնախնդրով զբաղվող հաստատության համար շատ կարևոր է ունենալ հարուստ գրադարան, հնատիպ գրականությամբ և դրանց առաջին հրատարակություններով: Այդ պատճառով հետևողականորեն համալրվում է գրադարանային հավաքածուն: Ձեռքբերված գրքերի մի մասը ներմուծվել է թանգարանի մշտական ցուցադրության մեջ:
«Միսիոները, ով ականատես է եղել ցեղասպանությանը, տնային պայմաններում, ձեռքի մամլիչով իր հուշերն է տպագրել հարյուր օրինակով, որոնք այսօր իրենցից թանգարանային արժեք են ներկայացնում»,- ներկայացնելով ձեռքբերված մի քանի գրքերի պատմությունը` նշեց Հ. Դեմոյանը:
Նախագահի աջակցությամբ ձեռքբերված գրքերը հիմնականում անգլալեզու են, կան ֆրանսերեն, գերմաներեն հրատարակություններ: Դրանք Ցեղասպանությունից շատ կարճ ժամանակ անց են հրատարակվել: Ձեռքբերված գրքերը հիմնականում առաջին հրատարակություններ են, որոնցից շատերը առաջին հրատարակությունից հետո չեն վերահրատարակվել:
Սույն գրքերի մեջ կան այնպիսի հրատարակություններ, որոնք բացառիկ լուսանկարներով ու վկայություններով պատմում են Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներում հայերի կոտորածների մասին: Ինչպես հայտնեց Հ. Դեմոյանը դրանք ականատեսների օրագրերն են, նրանց հուշերը, վկայությունները:
Թանգարանի գրադարանային բաժինը, ըստ տնօրենի, ունի ցուցադրության տեղի խնդիր: Ինչպես տեղեկացրեց Հ. Դեմոյանը, Կառավարությանը ծրագիր է ներկայացվելու` Ցեղասպանության 100-ամյակին նոր ցուցադրության հարթակ ստանալու համար: Բացի այդ, ծրագիր է մշակվում հազվագույտ արժեք ներկայացնող գրքերը թվայնացնելու ուղղությամբ:
23.04.2009, 17:21
No comments:
Post a Comment