«ԱԺ-ն իրավասու է ընդունել որոշում, որով կարող է ուժը կորցրած ճանաչել իր նախկին որոշումը: Սա ոչ թե իրավական դաշտի հարց է, սա հենց մեր խնդիրն է, մեր պարտականությունը, այն է` ուղղել այն խախտումը, որը մենք թույլ տվեցինք մեկ տարի առաջ»,- իր ելույթում պատգամավորներին դիմեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` անդրադառնալով ԱԺ-ի մեկ տարի առաջ ընդունած որոշմանը, ըստ որի, ԱԺ պատգամավորները զրկվել են անձեռնմխելիության իրավունքից և բանտարկվել են Քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածների մեղադրանքով:
«Օրենքները փոխվել են, ուժը կորցրած են համարվել 225 հոդվածի երրորդ մասը, 300 հոդվածը ամբողջովին ենթարկվել է փոփոխության, հետևաբար, այն որոշումը, որն ընդունվեց մեկ տարի առաջ, այլևս պետք է գոյություն չունենա»,- բացատրեց Զ. Փոստանջյանն ու ընդգծեց, որ «այսօր թողնել այս վիճակը` անթույլատրելի է»:
Խնդրին իր ելույթում անդրադարձավ նաև «Ժառանգություն» կուսակցության մեկ այլ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նրա համոզմամբ` «ԱԺ-ն ունի հրաշալի հնարավորություն` ինքնուրույն ուղղելու այն հարնցագործ քայլը, որը կատարել է` անհիմն բերված մեղադրանքով մեկ տարուց ավելի իրենց գործընկերներին ազատազրկելով»:
«Հիմա ճիշտ պահն է ճանաչել սեփական սխալը, և քանի որ իրավական հիմքը կա, մենք այլևս չպետք է սպասենք, որ մոնիտորինգային խումբը մեզ բան ասի»,- ընդգծեց Լ. Ալավերդյանն ու առաջարկեց. «Մեկ անգամ հավաքվել, հրավիրել մասնագետ իրավաբանների և խմբակցությունների ղեկավարների, և տեսնել, թե ի՞նչն է մեզ խանգարում ուղղել մեր բախտորոշ սխալը, թե ինչու՞ ԱԺ-ն չի ուզում ևս մեկ անգամ քննարկել հարցը և այդ որոշմանը հակառակ որոշում ընդունել»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սահմանափակվեց միայն դիտողությամբ` ասելով, որ «չի կարել ԱԺ-ին հանցագործ համարել» և խնդրեց «մի քիչ կոռեկտ խոսել»:
06.04.09, 18:01
No comments:
Post a Comment