Saturday, April 4, 2009

Մեկնարկում է թավջութակի փառատոնը


Այսօր մեկնարկում է Գերոնտի Թալալյանի անվան թավջութակի երաժշտության երկրորդ հանրապետական փառատոնը: Ապրիլ-մայիս ամիսներին փառատոնի մասնակիցները 12 համերգներ են ունենալու Երևանում, Հանրապետության մարզերում և ԼՂՀ-ում:

Ինչպես նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Արամ Թալալյանը, այս տարի փառատոնը նպատակ ունի մեծացնել թավջութակի հանդեպ հետաքրքրությունը` հատկապես մարզերում: Հիմնական պատճառը կայանում է նրանում, որ Հանրապետության միայն մեկ-երկու մարզերի երաժշտական դպրոցներում կա թավջութակի բաժին, որտեղ ուսանում են սակավաթիվ աշակերտներ: Բացի այդ, դպրոցներն ունեն համապատասխան մասնագետների կարիք, որոնք կա´մ չկան, կա´մ չեն համաձայնում ցածր աշխատավարձի պայմաններում աշխատել:

Համերգային ծրագրից զատ փառատոնն ընդգրկելու է նաև վարպետության դասեր, որի ընթացքում Հանրապետության թավջութակի լավագույն մասնագետները դասընթացներ կանցկացնեն թավջութակահարների և ուսուցիչների հետ:

Ա. Թալալյանը նշեց, որ թավջութակի առաջին փառատոնը գրանցել է լուրջ արդյունքներ, այդ թվում` մասնկիցներից 4-ը միջազգային այլ մրցույթներում մրցանակների են արժանացել:

Անցյալ տարվա համեմատ, ինչպես նշեցին կազմակերպիչները, այս տարի կրճատվել է արտերկրից ժամանած հյուրերի թիվը, փոխարենը` ավելացել է Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև` ուսանողների մասնակցությունը:

Տեղեկացնենք նաև, որ փառատոնի բացումը տեղի է ունենալու Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը` երեկոյան` 19:00-ին: Փառատոնի մուտքն ազատ է:


04.04.2009, 13:54

Aysor.am

No comments:

Post a Comment