«Այն մարդիկ, ովքեր պահպանել են հայկական պարի ողջ ժառանգությունը, այն փոխանցել են սերնդե սերունդ, ավելացրել են իրենց տաղանդն ու նոր հայացքը, արժանի են խորը հարգանքի ու գնահատականի»,- հայտնեց ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Դավիթ Մուրադյանը, ով հայկական պարարվեստի նվիրյալներին պատվոգրեր հանձնեց` ՀՀ Մշակույթի նախարարի հրամանով:
Տեղեկացնենք, որ այսօր Պարի միջազգային օրն է: Պատվոգրերի արժանացան պարային համույթների ու պարախմբերի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում` «Հայք» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Արթուր Գևորգյանը, «Հայ աստղեր» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Սուրեն Խաչատրյանը, «Սալմաստ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Արթուր Սարգսյան, «Արսենալ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Արսեն Մելքոնյանը և այլոք:
«Հայկական պարը հայկական ինքնությունն է, այն ինքնությունը, որն առանց թարգմանության կարող է խոսել այլ ազգերի հետ: Մեր ժողովրդական, էթնոգրաֆիկ պարը կապվում է մեր ազգային ծեսերի, պատմական ավանդույթների, ազատագրական պայքարի հետ և արտացոլում է հայ ժողովրդի հոգին ու պատմությունը»,- ասաց Դ. Մուրադյանը` շնորհավորելով պարարվեստի բնագավառի բոլոր մասնագետներին, ինչպես նաև` բոլոր պարողներին:
Պարարվեստի զարգացման և տարածման համար ոսկե հուշամեդալ հանձնվեց Վանուշ Խանամիրյանի «Վանուշ» պարախմբին:
Դ. Մուրադյանը բացատրեց, թե ինչու պատվոգրեր ստացողների անունների շարքում չկան հայակական բալետի նվիրյալների անուններ: Նա տեղեկացրեց, որ այս տարի նշվելու է Հայաստանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի հիմնադրաման հոբելյանը, որի ժամանակ էլ «կմեծարվեն ու պատվոգրերի կարժանանա բալետի վարպետներն ու նվիրյալները»:
29.04.2009, 19:22
No comments:
Post a Comment