
«Քանի որ լրացավ նախագահի պաշտոնավարման 1 տարին, պիտի արձանագրեմ, որ, իսկապես, որոշակի լավ նախաձեռնություններ դրսևորվեցին, բայց դրանք արմատական նախաձեռնություններ չէին` ո´չ ազգային, ո’չ ժողովրդավարության ընդգրկմամբ»,- հայտարարեց Պ. Հայրիկյանը և տվեց «բավարար» գնահատական:
Պ. Հայրիկյանի խոսքերով, ինքը դրական գնահատական կտար, եթե «քաղբանտարկյալների» հարցը մեկ շաբաթում լուծվեր, իսկ ազգային տեսանկյունից դրանց լուրջ կվերաբերվեր, եթե ՀՀ նախագահը «նախաձեռներ հայերենի միասնական ուղղագրություն ունենալու գործը, եթե հաստատվեր Էջմիածնի գերիշխանությունը, եթե երկիրը դառնար ավելի ժողովրդավար»:
«Բայց, նախորդ նախագահների համեմատությամբ, ակնհայտորեն առաջընթաց կա. պարզապես նախորդներն այնքան այլանդակ էին, որ այսօրվա կիսատ-պռատ գործընթացներն առաջընթաց է ընկալվում»,- ասաց Հայրիկյանը:
«Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման ընթացքում որևէ քայլ չարեց հասարակության ձայնը լսելու և դրան ընթացք տալու համար: Լևոն Տեր-Պետրոսյանն իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում մոլեռանդորեն պայքարեց ժողովրդավարության դեմ և վերջում էլ գնաց` որպես դավաճան, որովհետև գլխավոր հրամանատարը իրավունք չունի դիրքերը զիջելու ինչ-որ անհայտ ուժերի ճնշման տակ»,- մանրամասնեց ԱԻՄ նախագահը:
Ներքին քաղաքականության մասին գնահատականներ տալու համար, Պ. Հայրիկյանն «ընտրեց այն ճանապարհը, որի միջով անցել է»: Ըստ Հայրիկյանի, հաջողության կարող ես հասնել, եթե «մոտ ես Աստծուն, Աստծո պատգամները հասկանում ես, ապա կանգնում ես հաջողության ճանապարհին»:
«Երբ խոսում ես քաղաքականության մասին, շատ կարևոր է, թե գնահատական տալուց առաջ, ի՞նչ ելակետ ես վերձնում: Քաղաքականության մեջ կարևոր է, երբ ընտրում ես մի ուղեգիծ, որը հանգեցնում է հաջողության»,- Հայաստանի ներքին քաղաքականության վերաբերյալ խոսելիս` հայտնեց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը:
Ըստ Պ. Հայրիկյանի, հասարակության և մասնագետների շրջանում տարբեր կերպ են գնահատականեր տրվում: Նրա կարծիքով, «հասարակության մեջ ասում են` այսինչ մարդը հասավ հաջողության, որովհետև տիրեց այսինչ աթոռին, լուրջ ընկալումն այն է, թե այսինչ մարդն աթոռին տիրեց կամ չտիրեց` ի՞նչ հաջողությունների հասցրեց ժողովրդին»: Պ. Հայրիկյանը համոզված է, որ այդպիսի քաղաքական գործիչներ Հայաստանում գրեթե չկան կամ շատ քիչ են:
10.04.09, 17:19
No comments:
Post a Comment