Tuesday, April 14, 2009

Իրականությունը դաստիարակո՞ղ, թե՞ զոմբիացնող









«Երբ մենք տալիս ենք հուզականորեն շատ հագեցած ինֆորմացիա, երեխայի ուղեղը չի հասցնում ընկալել այդ ամբողջ ինֆորմացիան, որի հետևանքով չի ձևավորվում վերլուծություն, և արդյունքում նա նորմալ, ադեկվատ իրականության ընկալում չի ունենում»,- հայտնեց հոգեբանական գիտությունների դոկտոր Սվետլաննա Հարությունյանը` պատասխանելով Aysor.am-ի այն հարցին` թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ դեռահասների վրա հեռուստատեսությամբ բացառապես իրականության արտացոլումը:

«Եթե մենք չունենանք, նորմալ, ադեկվատ իրականության ընկալում, հետադարձ կապն էլ չի լինի, փաստորեն մենք ասում ենք, որ իբր մարդը պետք է ապրի իրականության մեջ, բայց իրականություն չկա, քանի որ, երբ հագեցած ինֆորմացիա ենք տալիս, մարդը չի կարողանում տարբերակել իրականությունը»,- մանրամասնեց հոգեբանը:

Ըստ հոգեբանի, շատ ավելի լավ է բարի, թեկուզ իրականությունից մի քիչ վերացած կինոներ ցուցադրվեն հեռուստատեսությամբ, միյան թե «երեխաները մանկապարտեզում չխաղան քաղաքական խաղեր»:

Aysor.am-ի այն հարցին, թե որքա՞ն է մարդու ձևավորման գործում կարևորվում հեռուստատեսության կրթական և դաստիարակչական գործառույթը, հոգեբանը պատասխանեց, որ «հեռուստատեսությունը պետք է տա այն իդեալը, որն օրինակելի պիտի լինի»:

«Եթե 4-5 տարեկանում երեխան իրեն նույնացնում է ծնողների հետ, ապա դեռահասության շրջանում նա ինչ-որ այլ կերպարի հետ է նույնացնում իրեն: Մենք չունենք այդպիսի կերպարներ, քանի որ, ցավոք սրտի երեխաներն այլևս չեն կարդում, իսկ հեռուստատեսությունն ու ֆիլմերը չեն տալիս այդ կերպարները»,- բացատրեց Ս. Հարությունյանը:

Հոգեբանի կարծիքով, այդ ամենին գումարվում են նաև համակարգչային խաղերերը, որտեղ երեխան կարող է խբել, սպանել և չպատժվել դրա համար:

«Փաստորեն այդ համակարգչային խաղերը սովորեցնում են կռվել, սպանել, ոչնչացնել, և, որ ամենավտանգավորն է, լինել անպատիժ: Դրանք բթացնում են ողջ հուզական սպեկտորը, այն ինչ, մարդ պետք է իր հուզականությամբ ապրի, իսկ երբ հուզականությունը բթեցված վիճակում է գտնվում, բթանում է նաև կամքը, գիտակցությունը և մենք ստանում ենք զոմբի, ստանում ենք մարդ, ով անտարբեր է լինում ամեն ինչի նկատմամբ»,- նշեց Ս. Հարությունյանը:

Ամփոփելով զրույցը` հոգեբանական գիտություների դոկտորն ասաց, որ միայն իրականությունը ցուցադրելով «ստեղծվում է ծայրահեղ իրավիճակ` մի կողմից չափազանց շատ հուզականություն, մյուս կողմից անտարբերություն»:

«Բայց չէ որ մեզ անհրաժեշտ է ստեղծել մի մարդ, ով պետք է ունենա զգացմունքների ողջ սպեկտրը, զգա զգացմունքների բոլոր երանգները, իսկ այդպիսով մենք զրկում ենք երեխային այդ հուզական ապրումներից»,- ընդգծեց Ս. Հարությունյանը:

14.04.09, 19:15

Aysor.am

No comments:

Post a Comment