Thursday, April 2, 2009

Պետությունն օժանդակում է երիտասարդներին բնակարանային հարցում

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է «Երիտասարդներին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի մեկնարկի մասին և ընդունում է հայտեր:

Ինչպես Aysor-ին տեղեկացրեց Երիտասարդական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Անդրանիկ Հովհաննիսյանը` նախնական հայտերն ընդունվում են մինչև վաղը: Նա նշեց, որ նախնական հայտերն շնորհիվ պարզ կդառնան շահառուները, որից հետո կմշակվեն հիմնական պահանջները և կսկվի փաստաթղթերի ձևակերպումը:

Թե ինչպիսի՞ հիմնական պահանջներ են ներկայացվելու Aysor-ի հարցին Ա. Հովհաննիսյանն ի պատասխան հայտնեց, որ դեռևս մշակված չեն ծրագրի ու դրան մասնակցության պահանջները, բացի այդ` այն դեռևս հաստատված չէ ՀՀ Կառավարության կողմից:

Ծրագիրը երիտասարդների ավելի լայն շերտերին հասանելի դարձնելու համար նախարարությունը մարզային երիտասարդական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև բուհերի ուսխորհուրդների միջոցով է տարածել հայտարարությունը:

Տեղեկացնենք, որ ծրագրի նպատակն է աջակցել սոցիալապես անապահով երիտասարդ ընտանիքներին` բնակարանային հիմնախնդիրների հաղթահարման հարցում, բարելավել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակը, շեշտակի նվազեցնել արտագաղթը, խթանել հիփոթեքային վարկավորման համակարգը, նպաստել առկա ազատ բնակարանային ֆոնդի նպատակային իրացմանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ Սպարտի և Երիտասարդության հարցերի նախարարություն հասարակայնության հետ կապերի վարչությունը` ծրագրով նախատեսվում է իրականացնել պետական օժանդակություն երիտասարդ ընտանիքներին` հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարան ձեռք բերելու նպատակով: Նշված օժանդակությունը նախատեսվում է իրականացնել հետևյալ երկու ուղղություններով.

• պետության կողմից 10-15 տարի մարման ժամկետով անտոկոս փոխառության տրամադրում` հիփոթեքային վարկի կանխավճարի համար պահանջվող գումարի 30 տոկոսի չափով: Երիտասարդ ընտանիքում անչափահաս երեխաների առկայության դեպքում` յուրաքանչյուր երեխայի համար` ևս տասական տոկոս:

• պետության կողմից հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում: Երիտասարդ ընտանիքում անչափահաս երեխաների առկայության դեպքում` յուրաքանչյուր երեխայի հաշվարկով կսուբսիդավորվի ևս տասական տոկոս` մինչև նրա չափահաս դառնալը:

Նշենք նաև, որ ծրագրի շահառու կարող են դառնալ երիտասարդները` 18-30 տարեկան և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող, ինչպես նաև երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսիններից առնվազն մեկի տարիքը չի գերազանցում 30 տարեկանը կամ երեխա խնամող միայնակ ծնողը, ում տարիքը չի գերազանցում 30 տարեկանը:

02.04.09, 12:45

Aysor.am

No comments:

Post a Comment