Tuesday, April 21, 2009

Մեկտեղվեցին «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքն ու ցուցահանդեսը

«Մենք այսօր խորին շնորհակալություն պետք է հայտնենք Վահան Քոչարին` այն բանի համար, որ նա ստեղծել է «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրք, իսկ այդ պատկերագիրքը և´ հանրագիտարան է, և´ տեղեկագիրք, և´ ինֆորմացիայի լավագույն աղբյուր, որտեղ ներկայացված են 488 հայ լուսանկարիչների գործեր»,- հայտարարեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտնի լուսանկարիչ Վահան Քոչարի «Հայ լուսանկարիչներ» բառարանային պատկերագրքի շնորհանդեսի և սփյուռքհայ 15 լուսանկարչների ցուցահանդեսի բացման ժամանակ:

Տեղեկացնենք, որ «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքը լույս է տեսել 2007 թ-ի վերջին` Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ: Գրքում ներառված հայ լուսանկարիչներից 300-ը ներկայացված են իրենց կենսագրականներով և լուսանկարներով, իսկ 180-ի անունները հայտնաբերվել են տարբեր լուսանկարչական կնիքների և ծրարների վրայից:

Սփյուռքի նախարարի խոսքերով` պատկերագիրքը հետաքրքրական է, քանի որ այնտեղ զետեղված են նաև սփյուռքահայերի աշխատանքները, և այն հայրենիք-սփյուռք գործածության փայլուն մի հուշամատյան է: Ըստ Հ. Հակոբյանի, Քոչարն իրենցից շուտ մտածել է հայկական լուսանկարիչների ցանց ստեղծելու մասին:

«Գրքի շնորհանդեսը և ցուցահանդեսը, որոնք այսօր ներկայացվում են, հորս ցանկություններն են»,- հայտնեց Վահան Քոչարը և տեղեկացրեց, որ գրքի` մի շարք միջազգային ցուցահանդեսներում ներկայացվելը բերել է այն համոզմանը, որ պետք է ստեղծվի գրքի անգլերեն տարբերակը:

Խոսելով Վահան Քոչար անհատականության մասին` Հ. Հակոբյանն ընդգծեց, որ Քոչարը մի մարդ է, ով «իր ամբողջ կյանքը նվիրել է լուսանկարչությանը, ով ժառանգել է իր հոր` լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի տաղանդը և շարունակում է նրա գործը»:

Ցուցահնդեսին ներկայացված 15 լուսանկարիչների աշխատանքները վերցված են «Հայ լուսանկարիչներ» պատկերագրքից: Նշենք նաև, որ գրքի շնորհանդեսն ու ցուցահնդեսի բացումը տեղի ունեցավ «Ակադեմիա» պատկերասրահում:

20.04.2009, 20:15

Aysor.am

No comments:

Post a Comment