Thursday, April 2, 2009

«Հարաբերությունները կախված չեն ոչ Հայաստանից, ոչ էլ Թուրքիայից»

«Հայ-թուրքական հարաբերությունները կախված չեն ոչ Հայաստանից, ոչ էլ Թուրքիայից, այսինքն, սա ավելի բարձր մակարդակի և գլոբալ դիվանագիտական խաղ է», - կարծում է պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Արշակ Շաքարյանը, ով այդ խաղը պայմանավորեց ԱՄՆ-ի և Ռուսաստանի գործոններով:

«Թուրքիան վերականգնում է իր դիրքերն ԱՄՆ-ի համար, և Օբաման Թուրքիա է այցելում ոչ թե հայ-թուրքական հարաբերությունները կարևորելու, այլ շատ ավելի կարևոր հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար», - ընդգծեց Ա. Շաքարյանը: Ըստ նրա, կարևոր հարցեր են հանդիսանում «Իրանում սպասվող նախագահական ընտրությունները և դրա հետ կապված Իրան-ԱՄՆ հարաբերությունների ջերմացումը, որում Վաշինգտոնն ուզում է հիմնական միջնորդի դերակատարումը տալ Անկարային»:

Մյուս կողմից, թուրքագետը տեսնում է թուրք-ռուսական` գնալով ջերմացող, տնտեսական բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունները: Ա. Շաքարյանը հիշեցրեց նաև, որ Թուրքիան իր ռազմական ուժերը իրաքյան պատերազմի ժամանակ չտրամադրեց Ամերիկային, սակայն այժմ, երբ Օբաման ուզում է Իրաքից դուրս բերել զորքերը, կրկին թուրքական ռազմական ուժերի կարիքն ունի:

«Հայկական հարցը, Հայաստանի հետ սահմանի բացումը պետք է ավելի շատ դիտարկել Կովկասյան պլատֆորմի շրջանակներում», - հայտնեց Ա. Շաքարյանը և հավելեց, որ ռուս-վրացական հնգօրյա պատերազմն ապացուցեց տարածաշրջանի վիճակի անկայուն լինելը, և, այս առումով, երբ Թուրքիան փորձի տարածաշրջանում առաջնորդություն ստանձնել, պետք է դարձյալ իր հարաբերությունները պարզեցնի Վաշինգտոնի հետ:

«Կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը այժմ ձեռնտու է թե Միացյալ Նահանգներին, թե Ռուսաստանին», - ամփոփելով իր խոսքը, նշեց Ա. Շաքարյանը:


02.04.09, 14:47

Aysor.am

No comments:

Post a Comment