Monday, April 13, 2009

«Խոնարհվիր գրքին, որպեսզի բարձրանաս նրանով». գրադարանային շաբաթ

«Ազգային գրադարանային շաբաթ»-ի նպատակն է վերաիմաստավորել գրքի, գիտելիքի, գրադարանի դերը, ստեղծել համահայկական, միասնական տեղեկատվական դաշտ, որը տարեց տարի ընդլայնվելով, կընդգրկի նաև Սփյուռքի գրադարանները», - Aysor-ի թղթակցին հայտնեց Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն, Հայկական գրադարանային ասոցացիայի նախագահ Դավիթ Սարգսյանը:

Նշենք, որ Հայկական գրադարանային ասոցիացիան ապրիլի 13-20-ը արդեն 8-րդ անգամ անցկացնում է ավանդական դարձած «Ազգային գրադարանային շաբաթ» լայնածավալ միջոցառումը:

Ինչպես տեղեկացրեց Դավիթ Սարգսյանը, այս տարի միջոցառումների շաբաթը կրում է «Խոնարհվիր գրքին, որպեսզի բարձրանաս նրանով» խորագիրը: Նա նշեց նաև, որ շաբաթվա յուրաքանչյուր օրն էլ, իր հերթին, ունի խորագիր:

«Օրինակ, ունենք «Մայրենի լեզվի և դպրոցականների ստեղծագործական շարադրությունների մրցույթի օր», «Թումանյանական և Կոմիտասյան օր», «Խոնարհումի օր» և այլն», - մանրամասնեց Դ. Սարգսյանը:

Տեղեկացնենք, որ օրերի խորագրերով է կազմված նաև միջոցառումների ծրագիրը, ըստ որի` ապրիլի13-ին , ժամը 11.00-ին տեղի կունենա «Ազգային գրադարանային շաբաթի» հանդիսավոր բացումը Հայաստանի Ազգային գրադարանում, մասնագիտական, մարզային, հանրային գրադարաններում, ապրիլի 14-ին «Ազատ միջոցառումների օր»-ն է, ապրիլի 15-ին` «Մայրենի լեզվի և դպրոցականների ստեղծագործական շարադրությունների մրցույթի օր», ապրիլի 16-ին` «Թումանյանական և Կոմիտասյան օր: Բազմաբնույթ միջոցառումներ հոբելյանների առթիվ», ապրիլի 17-ին` «Խոնարհումի օր: Մեծարենք հանրապետության, մարզի և տվյալ բնակավայրի նշանավոր մարդկանց», ապրիլի 18-ին` «Հանդիպում ՀՀ ԱԺ պատգամավորների և իշխանության ներկայացուցիչների հետ», ապրիլի 19-ին` «Գիրքը լավագույն նվեր (միմյանց գիրք նվիրելու օր)» և ապրիլի 20-ին` «Ազգային գրադարանային շաբաթի» ամփոփումն է:

Aysor-ի այն հարցին, թե ինչ է իրենից ներկայցնում «Ազատ միջոցառումների օրը», Հայկական գրադարանային ասոցացիայի նախագահն ասաց. «Քանի որ միջոցառումների մեկնարկը տրվում է երկուշաբթի օրը, որն ոչ աշխատանքային է,
ապա շատ գրադարաններ, օրինակ, կարող են բացումը կատարել այդ օրը, այն է` տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին հրավիրելը, այսինքն` նրանք ազատ են միջոցառումները կազմակերպելու գործում»:

Միջոցառումների շարքում, ըստ ասոցացիայի նախագահի, կարևորվում են տեղական ինքնակառավարաման մարմինների հետ հանդիպումները: Դ. Սարգսյանը նշեց, որ այստեղ «խնդիրն այն է, որ գրադարանները լինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում»:

«Ներկայումս, հատկապես մարզերում, առաջնային են դարձել գյուղատնտեսական, ճանապարհաշինական, ոռոգման ու սերմնացանի խնդիրները, իսկ մշակութային խնդիրներն ու արժեքները ետին պլան են մղվել», - ասաց Դ. Սարգսյանն ու ընդգծեց. «Մինչդեռ մենք կարծում ենք, որ կարևոր են մշակութային, կրթական խնդիրները: Եթե դրանք լինեն առաջնային, ապա գիտությունով կգնանք տնտեսական զարգացմանը, իսկ տնտեսական խնդիրներն ավելի հեշտ լուծում կստանան»:

11.04.2009, 14:40

Aysor.am

No comments:

Post a Comment