ԱԺ չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի այսօրվա նիստում ԱԺ պատգամավորներն ընդունեցին ապրիլի 6-9-ը քառօրյա նստաշրջանի օրակարգի հարցերը: Օրակարգի առաջին բաժնում ընդգրկված է 5 հարց, երկրորդում` հարցեր չկան, երրորդ բաժինում` 50 հարց:
Տեղեկացնենք, որ երկրորդ բաժնում այսօր ներկայացված էին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրինագիծը և նույն խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի` «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և մի շարք այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, որոնք քվեարկության արդյունքում դուրս մնացին օրակարգից: Հիշեցնենք նաև, որ երկրորդ բաժնում ներկայացված են լինում գլխադասային մշտական հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած հարցերը:
Բացի այդ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ցանկացավ իմանալ, թե ի՞չ պատճառաբանությամբ օրակարգում չի ընդգրկվել անազատության մեջ գտնվող, Քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածներով մեղադրվող պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու` մեկ տարի առաջ ընդունած որոշումը չեղյալ հայտարարելու մասին հարցը, քանի որ «այն հոդվածները, որոնցով նրանք մեղադրվում էին, դադարել են գոյություն ունենալուց»:
Ի պատասխան Զ. Փոստանջյանի հարցադրման, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ԱԺ-ում եղել է խորհրդակցություն և «որոշում է կայացվել, որ դա իրավական խնդիր է, իսկ իրենք չեն ցանկանում իրավական դաշտում մասնակցություն ունենալ»:
Սույն հարցի շարունակությունը կարելի է համարել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հարցն այն մասին, թե «ԱԺ-ն ինչպիսի՞ քայլեր է պատրաստվում ձեռնարկել, որպեսզի Քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածների հետ առնչություն ունեցող բանտարկյալների նկատմամբ համաներում իրականացվի, արդյո՞ք ԱԺ-ն դիմումով կդիմի Հանարապետության նախագահին` համաներում շնորհելու համար»:
Հովիկ Աբրահամյանը կրկին ընդգծեց, որ «իրենք այդ հարցի հետ կապ չունեն. համաներում կատարելը Հանրապետության նախագահի գործն է» և հիշեցրեց, որ «ԱԺ-ն կատարել է այն ամենը, ինչ կախված է իրենից` հստակեցրել է Քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածները»:
06.04.09, 17:53
No comments:
Post a Comment