
«Երգող Հայաստան» երգչախմբերի մանկապատանեկան հանրապետական 4-րդ մրցույթը, որը մեկնարկում է ապրիլի 6-ին, նվիրված է Կոմիտասի ծննդյան 140-ամյակին: Մրցույթը կազմակերպել են ՀՀ Մշակույթի նախարարությունը, Հայաստանի երաժշտական ընկերությունը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ասոցիացիան:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանը տեղեկացրեց, որ տարեցտարի աճում է մասնակից երգչախմբերի թիվը: Այս տարի մրցույթին մասնակցում են Հայաստանի և Արցախի 107 երգչախմբեր:
«Անշուշտ որակական չափանիշները դեռևս այն չեն, ինչը կուզենայինք լսել, բայց այն խանդավառությունն ու ոգևորությունը, որով մասնակցում են հատկապես մարզերը, ուղղակի հիացնում է մեզ»,- հայտնեց Տ. Հեքեքյանը և նշեց, որ Հայաստանի մարզերից ամենաակտիվը Կոտայքի մարզն է, որն այս տարի մրցույթին մասնացելու է 29 երգչախմբով, իսկ ամենապասիվը Լոռու մարզն է, որն ընդհանրապես չի մասնակցում մրցույթին:
Քանի որ մրցույթն այս տարի նվիրվում է Կոմիտասին, կազմակերպիչները մրցույթը դարձրել են փոքր-ինչ բարդ` սահմանելով հիմանական ծրագիր: Ծրագիրը պահանջում է անպայման ներկայացնել Կոմիտասի ստեղծագործություններից` երկձայն կամ եռաձայն և ակապելա կատարմամբ:
Մրցույթի որակի բարձրացումը, ըստ կազմակերպիչների, քչացրել է մասնակիցների թիվը` նախարդ տարվա համեմատ այն կրճատելով 7-10 երգչախմբով: Կազմակերպիչները սա բացատրում են այն հանգամանքով, որ մարզերում չկան համապատասխան կրթություն ունեցող խմբավարներ, որոնք էլ ի վիճակի չեն կազմակերպել և իրականացնել երկձայն կամ եռաձայն կատարում:
Կազմակերպիչները հատկապես ուշադրության են արժանացնում մարզերի մասնակցությունը: Նրանք հայտնեցին, որ սովորաբար ակտիվ են այն մարզերը, որոնց մարզպետերն են հետաքրքրված մրցույթով և օժանդակում են իրենց մարզի երգչախմբերին:
04.04.2009, 15:08
No comments:
Post a Comment