
«Հայ-թուրքական սահմանի բացումը կարևոր փոփոխություն կլինի մեր ժողովրդի տնտեսական կյանքում, կնպաստի, որ մենաշնորհներ ունեցողները մի փոքր թևաթափ լինեն, ուժազրկվեն»,- կարծում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա, սակայն, հայ-թուրքական հարաբերություններում բազմաթիվ կարևոր հարցեր` որպես պայմաններ, բաց են թողնվում:
Aysor.am-ի այն հարցին, թե ինչու՞ է Թուրքիայի կողմից շահարկվում ԼՂՀ հակամարտության հարցը և արդյո՞ք դրա դուրսբերում սահմանը բացելու նախապայմաններից կարելի է դիտարկվել որպես զիջում, Պ. Հայրիկյանը պատասխանեց, որ «Արցախի հարցը Թուրքիան շահարկում է, որ Ամերիկային ասի, թե այդ պատճառով է սահմանը փակ, իսկ իրականում նա նախապայմաններ է ներկայացնում, որպեսզի Հայաստանը հանդես չգա պահանջներով»:
Հայ-թուրքական հարաբերություններում Պ. Հայրիկյանը կարևորում է նաև «Հայաստանի վերաբերյալ ընդունած միջազգային ամենալուրջ պայմանագրի` Սևրի պայմանագիր շրջանառության մեջ դնելը»: Իսկ սահմանի բացելը, ըստ նրա, չի կարող չլինել, քանի որ այն անհրաժեշտ է Թուրքիային` «աշխարհի դռները բացելու համար»:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին, ապա, ըստ Պ. Հայրիկյանի, «չկա հայ-ադրբեջանական հարաբերություններ, կա Արցախ-Ադրբեջան հակամարտություն»: ԱԻՄ ղեկավարի կարծիքով, Հայաստանը «դրա մեջ ներքաշվել է Ռոբերտ Քոչարյանի տգիտության պատճառով»:
«Նա միակ մարդն էր, որ չէր կարող դառնալ Հայաստանի նախագահ, որովհետև ինքը Արցախի ինքնորշման խորհրդանիշն էր: Երբ երկու տգետներ` Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը, համաձայնեցին, որ Արցախի ինքնորոշման խորհրդանիշը դառնա նախ` Հայաստանի վարչապետ, ապա` նախագահ, Արցախը դարձավ Հայաստանի մարզ, իսկ հակամարտությունը` Հայաստան-Ադրբեջան»,- բացատրեց Պ. Հայրիկյանն ու հարցրեց. «Ընդունենք, դարձավ, բայց այդ դեպքում ո՞ւր է Նախիջևանի հարցը»:
Պ. Հայրիկյանի խոսքերով, Նախիջևանի հարցը ավելի հեշտ լուծվող հարց է, քան Արցախինը, որովհետև «երկու դավադիր պետություններ` Հայաստանի կամքին հակառակ, Հայաստանից վերցրել և Նախիջևանը տվել են չորրորդ պետությանը»: Այդպիսի երևույթ, ըստ ԱԻՄ ղեկավարի, ողջ աշխարհում չկա, սակայն ոչ ոք չի խոսում այդ մասին, երբ խոսում են հայ-ադրբեջանական հարաբերություններից:
10.04.09, 19:52
No comments:
Post a Comment