Thursday, April 2, 2009

Քննարկում` տարածաշրջանի զինված ուժերի զարգացման վերաբերյալ

«Վրաստանում օգոստոսյան պատերազմը փոխեց տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը և ցույց տվեց ռուսական ուժն ու ազդեցությունը տարածաշրջանում, որն էլ հանգեցրեց տարածաշրջանի երկու կոնֆլիկտների լուծմանը», - հայտարարեց Ռազմավարական և ազգային հետազությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` «Հարավային Կովկասում ուժերի ռազմական հավասարակշռությունը» թեմայով այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ:

Ռ. Կիրակոսյանը տեղեկացրեց նաև, որ ՌԱՀՀԿ-ն անցած տարվա օգոստոսից հետևել է Հարավային Կովկասի երկրներում տեղի ունեցող զարգացումներին: Նա իր «Հարավային Կովկասում ռազմական ուժերի փոփոխվող հավասարակշռությունը. Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության վրա ունեցած հետևանքները» թեմայով զեկույցում ներկայացրեց այն հիմնական դրույթները, որով էլ պայմանավորվել են տարածաշրջանի զարգացումները:

«Օգոստոսյան պատերազմից հետո վերացան ՆԱՏՕ-ին անդամագրվելու վրացական հույսերը, ինչը ցույց տվեց, որ Վրաստանի կամքը չի հանդիսանում արևմուտքի համար ձգող ուժ: Բացի այդ, տարածաշրջանի այս փոփոխությունները բերում են նրան, որ Հայաստանը նախապես պետք է ապահովի իր անվտանգությունը, որի կիզակետը պետք է հանդիսանա Ղարաբաղյան կոնֆլիկտը», - նշեց Ռ. Կիրակոսյանը:

ՌԱՀՀԿ տնօրենը տարածաշրջանի ռազմական ուժերի հավասարակշռության փոփոխվող բնույթը պայմանավորեց «պաշտպանական ծախսերի կայուն աճով և համընդհանուր ռազմականացմամբ, ինչն ուղղորդվում է ռազմատենչ հայտարարությունների և պատերազմի սպառնալիքների ավելացմամբ»:

«Տարածաշրջանում ամենամեծ պաշտպանական բյուջեն ունի Ադրբեջանը, որտեղ նաև գրանցվում է պաշտպանական բյուջեի կայուն և տպավորիչ աճ: Այս հանգամանքը ստիպում է Հայաստանին ետ չմնալ, մինչդեռ տարածաշրջանում ամենացածր պաշտպանական բյուջեն ունի հենց Հայաստանը», - ընդգծեց Ռ. Կիրակոսյանը:

Ռ. Կիրակոսյանը մանրամասն ներկայացրեց տարածաշրջանում տիրող իրավիճակը` չանտեսելով Հարավային Օսեթիայի օգոստոսյան դեպքերը, ինչպես նաև ԼՂՀ գործոնը: Նա իր զեկույցում նաև ներկայացրեց գնահատականներ` Հայաստանի և ԼՂ հանրապետությունների զինված ուժերի վերաբերյալ, նշելով, որ «Ղարաբաղի զինված ուժերը նույնիսկ գերազանցում են Հայաստանի բարձր վարկանիշ ունեցող զինված ուժերին և մշտապես գտնվում են պատրաստակամության վիճակում»:

Քննարկման մասնակիցներն իրենց զեկույցները ներկայացրեցին տարածաշրջանում ռազմական ուժերի հավասարակշռության, ռազմական խնդիրների, ինչպես նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամի ունեցած ազդեցությունը` տարածաշրջանի ուժերի հավասարակշռության վրա թեմաների շրջանակում:

01.04.2009, 14:13

Aysor.am

No comments:

Post a Comment