Tuesday, April 7, 2009

Էներգաբլոկը կարժենա 4-5 միլիարդ դոլար. կմասնակցի նաև Թուրքիան


«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենաօպտիմալ տարբերակը նույն հարթակում` գործող Մեծամորի ատոմակայանի հարթակում կառուցելն է: Նախնական գնահատումներով, էներգաբլոկի կառուցումը կարժենա 4-5 միլիարդ դոլար»,- հայտնեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` պատասխանելով «ՀՀ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարցին:

Ա. Մովսիսյանը տեղեկացրեց, որ Մեծամորի ատոմակայանի հարթակի հնարավորությունները թույլ են տալիս, որպեսզի կառուցումն այդտեղ իրականացվի, քանի որ այն նախատեսված է եղել ոչ թե 400 մՎտ, այլ 1600 մՎտ հզորության համար:

Վ. Դալլաքյանին հետաքրքրում էին նաև բնապահպանական և սեյսմիկ անվտանգությանը վերաբերող խնդիրները, որոնց առնչությամբ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ասաց, որ «բնապահպանական և սեյսմիկ խնդիրները գտնվում են առաջին պլանի վրա, պետք է անցկացվի միջազգային բնապահպանական, ինչպես նաև` սեյսմիկ անվտանգության փորձաքննություն»:

«Ուսումնասիրությունը կատարող ընկերությունը ստացված արդյունքները պետք է ներկայացնի ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությանը: Ստացած համաձայնությունից հետո միայն մենք կարող ենք սկսել նոր բլոկի շինարարությունը»,- մանրամասնեց Ա. Մովսիսյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանին հետաքրքրում էր միջուկային նոր էներգաբլոկի կառուցման հարցում միջազգային հանրության վերաբերմունքը և Թուրքիայի մասնակցությունը շինարարական աշխատանքներում:

Ա. Մովսիսյանը տեղեկացրեց, որ միջազգային հանրությունը շահագրգռված է էներգաբլոկի կառուցման հարցում, իսկ Թուրքիան զուտ ֆինանսական մասնակցություն է ունենալու: ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանն էլ հավելեց, որ ներկա ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, կարևոր և անհրաժեշտ է Թուրքիայի մասնակցությունը: Նա նաև տեղեկացրեց, որ այդ հարցը ևս բազմակողմանիորեն քննարկվել է հանձնաժողովի նիստերի ընթացքում:

07.04.09, 19:40

Aysor.am

No comments:

Post a Comment