Tuesday, April 21, 2009

«Արծվիկ Մինասյանն իրավունք չունի մասնակցելու ընտրությանը»

«Արծվիկ Մինասյանն այսօր անօրինական է առաջադրված և նա ընդհանրապես իրավունք չունի մասնակցելու ընտրությանը»,- հայտարարեց ՀԱԿ ավագանու թեկնածու Ռուբեն Թորոսյանը:

Նշենք, որ հանդիպման նպատակն էր տեղեկացնել, որ նախընտրական խախտումների վերաբերյալ ՀԱԿ-ը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան: Ռ. Թորոսյանի ներկայացմամբ` «ընտրական իրավունքի խախտում» է նաև ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանի` թեկնածու առաջադրվելը:

«Արծվիկ Մինասյանը հաշվառված էր Բաղրամյանի Շեմիկ գյուղում, հետո գնում է ոստիկանություն տեղեկանք ստանալու, ոստիկանությունն էլ չի տալիս տեղեկանք Երևանում 3 տարվա բնակության մասին: Նա էլ դիմում է Վարչական դատարան, որտեղի դատավորն ասում է` ոստիկանությունը սխալ է, գնացեք, ձեր դիմումը վերցրեք»,- մանրամասնում է Ռ. Թորոսյանը:

Նրա խոսքերով, «Շենիկ գյուղում հաշվառված Արծվիկ Մինասյանը վերցնում է այդ տեղեկանքը և գալիս, առաջադրվում է ու ցանկանում է դառնալ Երևանի քաղաքապետ` չունենալով հաշվառում Երևան քաղաքում»: Ռ. Թորոսյանը նշում է, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն` Երևան քաղաքում ավագանու թեկնածու կարող է առաջարվել այն անձը, ով Երևանի 3 տարվա բնակիչ է և ունի ՏԻՄ ընտրությունների համար սահմանված իրավունք»:

«Այդ իրավունքը հաշվառում է պահանջում, իսկ Արծվիկ Մինասյանը չունի հաշվառում»,- ընդգծեց Ռ. Թորոսյանն ու հավելեց, որ, իբր Ա. Մինասյանը, հարցազրույցներից մեկում ասել է, որ «հիմա ես գնացել եմ հաշվառման եմ կանգնել, որպեսզի ընտրությանը մասնակցեմ»:

Ի հակասություն այս «բացահայտ» խախտման` ՀԱԿ թեկնածուն ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում ընտրություններին և «չի առաջադրվում առաջին հորիզոնականում, որովհետև չունի Երևանի գրանցում»:

Ռ. Թորոսյանը համոզված է, որ ԿԸՀ կա´մ չի տիրապետում, կա´մ չի ցանկանում տիրապետել օրենքին, որ «թույլ է տալիս այսպիսի խախտումներ»:

21.04.2009, 16:57

Aysor.am

No comments:

Post a Comment