«Կուզեի համեմատել մեր պատվիրակության աշխատանքը այլ պատվիրակությունների աշխատանքի հետ: Oրինակ, ի տարբերություն ճապոնական կամ կանադական պատվիրակությունների, որոնք ավելի շատ միտված են մշակութային խնդիրների լուծմանը, մեր պարտվիրակությունն անդրադառնում էր ավելի գլոբալ հարցերի` սկսված տնտեսությունից, վերջացած բնապահպանական խնդիրներ` ներառելով նաև քաղաքական և կրթական ու մշակութային խնդիրները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստան-ԵՄ համագործակցության հանձնաժողովի համանախագահ Մարի Անն Իզլեր Բեգենը` ամփոփելով Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի երկօրյա 10-րդ նիստը:
Շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր պատվիրակության հետ աշխատել են այս երկու օրերի ընթացքում, որի արդյունքում «ընդունվել է բոլորի հավանությանն արժանացած մի փաստաթուղթ», Իզեր Բեգենը նշեց, որ իրենք բազակողմանի աշխատանք են կատարել:
Խոսելով Եվրախորհրդարանի պատվիրակության առանձնահատկություններից` Մարի Անն Իզլեր Բեգենն առանձնացրեց այն հանգամանքը, որ պատվիրակությունն աշխատում է տարածաշրջանի երեք հարևան երկրների` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ:
«Մեր նպատակն է եղել հավասարակշռված դիրքորոշումներ ընդունել, որպեսզի կարողանանք Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում գտնել լավագույն լուծումներ` մասնավորապես հակամարտությունների լուծման խնդրում, որովհետև ամենակարևոր խնդիրը, որը պետք է նպաստի Հայաստանի զարգացմանը, այս տարածաշրջանում ԼՂ հակամարտության լուծման խնդիրն է»,- հայտնեց Մարի Անն Իզլեր Բեգենը:
Համանախագահը նշեց նաև, որ պատվիրակությունը ԵՄ շրջանակներում փորձել է կոնկրետ ծրագրերով ու նախաձեռնություններով օգնություն ցուցաբերել: Նա առանձնացրեց ուսանողների փոխանակման վերաբերյալ ծրագիրը:
«Մենք կարող ենք աջակցել Հայաստանին տնտեսական հարցերում` հատկապես տնտեսական ճգնաժամի պայմաններում: Չնայած Հայաստանի վրա դրա ազդեցությունն այնքան էլ ակնհայտ չէ, սակայն մենք չենք կարող ասել, թե ճգնաժամը ե՞րբ և որտե՞ղ կավարտվի»,- ընդգծեց Մարի Անն Իզլեր Բեգենը:
08.04.2009, 17:11
No comments:
Post a Comment