
«Իմ տեղակալը գտնում է, որ ատոմակայան կառուցելը ճիշտ լուծում է, սակայն բազմաթիվ պատճառներ կան, որոնք ինձ թույլ են տալիս ասել, որ դա ճիշտ լուծում չէ»,- հայտարարեց Հայաստան-ԵԽ խորհրդարանական համագործակցության համաժողովի համանախագահ Մարի Անն Իզլեր Բեգենը Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ:
Նշենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովն ընդունել է երեկ քննարկման դրված «ՀՀ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Մարի Անն Իզլեր Բեգենն ընդգծեց, որ ատոմակայանների կառուցման վերաբերյալ ԵԽ անդամների կարծիքները շատ տարբեր են:
«Արդեն 10 տարի է, ինչ փորձում եմ բացատրել, որ դա ճիշտ չէ: Նախ վտանգավոր է, քանի որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ գոտում, հետո ուրանն անսպառ չէ և մյուսը թափոնների հարցն է, քանի որ շատ կարևոր է, թե ինչպե՞ս պետք է այն պահել»,- մանրամասնեց Մարի Անն Իզլեր Բեգենը:
Նա նաև տղեկացրեց, որ կիսում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տեսակետը, ով կողմ է անսպառ աղբյուրներից էլեկտրաէներգիա ստանալուն, ինչպիսին է, օրինակ, արևը:
«Ես կարծում եմ, որ այդպիսի եղանակով էներգիա կարող է ստանալ նաև Հայաստանը»,- ընդգծեց Մարի Անն Իզլեր Բեգենը:
Հայաստան-ԵԽ խորհրդարանական համագործակցության համաժողովի հայաստանյան համանախագահ Ավետ Ադոնցն այս հարցի առնչությամբ այլ կարծիք հայտնեց: Ըստ նրա, նոր ատոմակայանի կառուցումն անչափ կորևոր է:
«Երբ Հայաստանն ապահովված կլինի նոր էներգակիրներով, նոր ատոմակայաններով, այն կարևոր մաս կարող է լինել Հայաստանի, ինչպես նաև` տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ոլորտում»,- բացատրեց Ա. Ադոնցը:
08.04.2009, 17:50
No comments:
Post a Comment