Saturday, April 4, 2009

Գումար չունենալու պատճառով զրկվեցին համաշխարհային ճանաչումից

«Ամբողջ աշխարհը գալու էր Հայաստան, և դրանից հետո, եթե աշխարհը չիմանար Հայաստանի մասին, մենք չէինք իմանա` էլ ինչ անել»,- ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանը` պատասխանելով Aysor.am-ի այն հարցին, թե ի՞նչ ընթացք ունեցավ անցյալ տարվա մարտին Հայաստան ժամանած Երգչախմբային արվեստի համաշխարհային և միջազգային ֆեդերացաների հետ ՀՀ Մշակույթի նախարարության այն պայմանավորվածությունը, ըստ որի, Հայաստանում անցկացվելու էր Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի գիտաժողովը` Կոմիտասի ծննդյան 140-ամյակի կապակցությամբ կազմակերպվող փառատոնի շրջանակներում:

Հ. Հեքեքյանը նշեց, որ ոչինչ չիրականացվեց, քանի որ Հայաստանը չկարողացավ ձեռք բերել գիտաժողովը կազմակերպելու համար Հայաստանից պահանջվող անհրաժեշտ 110 միլիոն դրամը: Նշենք, որ մնացյալ ծախսերը հոգալու էր Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիան:

«Գումարի միայն 30 միլիոնն էր տրամադրվել պետության կողմից, այդ բյուջեով էլ իրենք չհամաձայնեցին որևէ բան անել, քանի որ, իրենց կարծիքով, անլուրջ էր»,- նշեց Տ. Հեքեքյանն ու հավելեց. «Ֆեդերացիայի որոշմամբ գիտաժողովն անացկացվելու է ուրիշ երկրում, և Հայաստանում կանցկացվի միայն այն դեպքում, երբ համապատասխան գումարը լինի»:

Տ. Հեքեքյանը ընդգծեց նաև նման գիտաժողովը Հայաստանում անցկացնելու կարևորության մասին, հայտնելով, որ «Հայաստանին և հայկական երաժշտությունն այդպիսով միանգամից ճանաչում էր գտնելու աշխարհում, այն ընդլայն շփումների ու կապերի հնարավորություն էր ընձեռելու և, վերջապես, թույլ էր տալու մեզ միայն մեր կաթսայում չտապակվել»:

Իրավիճակն ավելի հստակ պատկերացնելու համար, նա նշեց նաև, որ Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիան աշխարհի բոլոր երկրներից ունի 30 մլն անդամ: Նա տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակներում Հայաստան պետք է ժամանեին «աշխարհի 5 մայրցամաքների 7 լավագույն երգչախմբերը, բացի համերգներից կազմակերպվելու էին նաև վարպետության դասեր»:

04.04.2009, 15:53

Aysor.am

No comments:

Post a Comment