Sunday, April 26, 2009

«Ցեղասպանությունը»` ԱՄՆ-ի համար խաղաքարտ

«Եթե ցինիզմ չասենք, ապա Օբաման «Մեծ Եղեռն» բառերն ասելով, այն երկրորդ կարգի Ցեղասպանություն որակեց», - լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը` մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Հայոց Ցեղասպանությանը վերաբերող ելույթը:

Գ. Հարությունյանի խոսքերի համաձայն` Օբաման, Ցեղասպանությունը կոչելու համար օգտագործելով միջանկյալ անվանում, չընդունեց «Ցեղասպանություն» հասկացողության իրավաբանական եզրը: Այս հանգամանքը «սպասելի» համարելով` հիմնադրամի տնօրենը նշեց, որ ԱՄՆ-ի նախագահների կողմից «Ցեղասպանություն» բառը բազմիցս օգտագործվել է Թուրքիայի հետ բանակցություններում:

«Դեռ Բուշի ժամանակից Ցեղասպանության խնդիրը բազմիցս շահարկվել է ԱՄՆ-Թուրքիա բանակցությունների շրջանակում, մասնավորապես կախված քրդական խնդրի հետ, և, կարծես դարձել է մի խաղաքարտ, որը երբեմն օգտագործվում է, որոշակի դիվիդենտներ ստանալու համար», - մանրամասնեց Գ. Հարությունյանը:

Նա համոզված է, որ նույնը շարունակվում է այժմ, բայց «այսօր, ավելին քան նախկինում, Ցեղասպանության գործոնն ավելի է կարևորվում ԱՄՆ-Թուրքիա և ընդհանրապես Թուրքիա-Եվրոպա հարաբերություններում»:

Ասուլիսին ներկա ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով Բ. Օբամայի երեկվա ելույթին, իր հերթին ասաց, որ «Օբաման իր ելույթով միայն հայտնեց` ես մնում եմ իմ համոզմունքին, ես իմ տեսակետը չեմ փոխել»:

Այն, որ ԱՄՆ նախագահը «Ցեղասպանություն» բառը չարտասանեց, Պ. Հայրիկյանին այնքան էլ չի մտահոգում, քանի որ «Ցեղասպանության» փաստը բազմաթիվ երկրներ արդեն ընդունել են: Նա ընդգծեց, որ փոխարենը «բավական տխրում է հայ-թուրքական` այսօրվա ձևաչափը ստացած հարաբերությունների համար»:

25.04.2009, 15:39

Aysor.am

No comments:

Post a Comment