«Դա պատերազմի դաշտ չէր, որպեսզի հրաման տրվեր կրակել և ամբողջ զորքը կրակեր: Նման հրաման ոչ ոք չէր կարող տալ և չի էլ տրվել` ո´չ իմ, ո´չ էլ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից»,- հայտարարեց ՀՀ Ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանը մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստում` պատասխանելով հանձնաժողովի անդամ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին այն մասին, թե «արդյոք ցուցարարների վրա կրակ բացելու հրաման տրվե՞լ է. եթե այո, ապա ու՞մ կողմից, ի՞նչ իրավական փաստերով և հիմքերով, ինչո՞վ էր պամանավորված զենք կիրառելու անխուսափելիությունը»:
Ըստ Հ. Հարությունյանի, ոստիկանության զորքերից «ընդամենը մի խումբ է իրադարձությունների վայրում գտնվել` զինված հաշվեցուցակային ինքնաձիգերով, որոնք եղել են մինչև 25 մարդ, որոնք անմիջապես շարքերում ընդգրկված չեն եղել, այլ տեղակայված են եղել առանձին տեղ, որպես ռեզերվային խմբեր: Նրա խոսքերով, հիշյալ խումբն օգտագործել է անգնդակ և լուսածիր փամփուշտներ` «զուտ նախազգուշական նպատակներով»:
«Պատկերացնու՞մ եք, եթե հրաման լիներ կրակ բացել և կրակել, հազարավոր զոհեր կլինեին, նման բան տեղի չի ունեցել և ոստիկանները նպատակային կրակոցներ չեն արձակել»,- ընդգծեց Հ. հարությունյանը:
Ա. Մինասյանի մյուս հարցին, թե կատարվող իրադարձությունների մասին «ո՞վ է տեղեկացրել այն ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նա տվել է հրաման կամ հանձնարարություն հրազեն օգտագործելու վերաբերյալ», Հ. Հարությունյանը պատասխանեց` ասելով, որ ինքն է անձամբ զեկուցել:
«Տեղի ունեցածի վերաբերյալ ինձ զեկուցել է ոստիկանության զորքերի հրամանատարը` չնայած` ես ինքս աշխատասենյակում նստած լսում էի նռնակների պայթյունի և կրակոցների ձայնը: Զեկուցել է նաև ոստիկանության պետի մյուս տեղակալները` Արմեն Երիցյան և Հովհաննես Հունանյանը, որից հետո ես անմիջապես զեկուցել եմ Հանրապետության նախագահին: Զեկուցել եմ նաև, որ արդեն իսկ ունենք վիրավորներ ոստիկանության ուժերից»,- մանրամասնեց ոստիկանության նախկին պետը և հավելեց. «Հանրապետության նախագահն ինձ հանձնարարել է ցուցաբերել մաքսիմալ զսպվածություն, որը նաև հանձնարարվել է ոստիկանությանը»:
«Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք կարելի էր թույլ տալ, որպեսզի կրկնվեին այն ավանդույթները, որ Ազգային ժողովի նախագահին աշխատասենյակում ծեծեին, կամ Հանրապետության այլ ղեկավարների վրա ձեռք բարձրացնեին … Կարծում եմ, որ դա անթույլատրելի էր և ոստիկանությունը պետք է ամեն ինչ աներ, որ մինիմում տույժերի գնով, դա իրականացնել թույլ չտար, որը կարծում եմ հաջողվեց»,- նշեց Հ. Հարությանյանը:
«Չնայած ոստիկանությունը կարող էր օգտագործել ցանկացած հրազեն և «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի համաձայն ոստիկանությունը ձեռքի տակ գտնվող ցանկացած առարկա կարող է նման իրավիճակում օգտագործվել, բայց նորից եմ կրկնում, ոստիկանությունն այս հարցում զսպվածություն է ցուցաբերել»,- ամփոփելով խոսքը` նշեց Հ. Հարությունյանը:
30.04.2009, 17:55
No comments:
Post a Comment