Wednesday, April 15, 2009

«Ջավախքի խնդրի լուծումը` այն հայաբնակ պահելն է»

«Վրացական իշխանափոխությունը չի լուծելու ջավախքահայության խնդիրը: Վրացական իշխանությունները` երեկվա, այսօրվա կամ վաղավ, շարունակելու են այս հակահայկական քաղաքականությունը, խնդիրն այն, որ հակահայկական տրամադրությունները ժամանակ առ ժամանակ սրվում կամ մեղմանում են»,- հայտնեց Նորավանք գիտակրթական հիմնադրամի վրացական հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանը:

Ասուլիսի մյուս բանախոսի` «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանի կարծիքով, Ջավախքի հարցը Վրաստանի արմատական խնդիրներից մեկն է, և Ջավախքի խնդրի լուծումը «վրացի իշխանությունները տեսնում են միայն մեկ ճանապարհով` Ջավախքի հայաթափությամբ»:

«Հարցի լուծման այլ տարբերակ նրանց համար ընդունելի չէ, որովհետև, քանի կա Ջավախքը, վրացական իշխանությունները չեն կարող հանգստանալ, որ այն կարող է միավորվել հայկական պետականությանը, իսկ ջավախքահայերը Վրաստանից պահանջում են այն օրինական քայլերը, որոնք ամրապնդում են հայերի ներկայությունը իրենց պատմական հայրենիքի հողի վրա»,- մանրամասնեց Հ. Ալվրցյանը:

Խոսելով հայ-վրացական հարաբերությունների մասին` պատմաբան Թ. Վարդանյանը նշեց, որ դրա բարելավումը ձեռնտու է միայն Հայաստանին և Վրաստանին, և ձեռնտու չէ ուրիշ ոչ մի ուժի` ո´չ Թուրքիային, ո´չ Ռուսաստանին, ո´չ ԱՄՆ-ին:

«Բայց բանն այն է, որ վրացական քաղաքական վերնախավում այդ գիտակցությունը դեռևս գոյություն չունի: Մյուս կողմից, եթե մեր հարաբերությունները վատ են, դրանից շահում են բոլորը, իսկ փաստացի տուժում են Հայաստանը և Վրաստանը` բոլոր առումներով»,- բացատրում է Թ. Վարդանյանը:

Ի տարբերություն վրացական քաղաքական վերնախավի, ըստ Թ. Վարդանյանի, մեզ մոտ այդ գիտակցությունը կա: Որպես ապացույց պատմաբանը ներկայացրեց Հայաստանի կողմից ջավախքահայերի խնդիրների հնարավոր մեղմացնող քաղաքականությունը:

Ըստ Հ. Ալվրցյանի, Ջավախքի հարցը հայոց պետականության հեռանկարի համար ունի անփոխարինելի արժեք: Նա հիշեցրեց, որ տարածաշրջանում միակ տարածքը, որը թրքաբնակ չէ և Հայաստանը կապում է աշխարհի հետ, Ջավախքն է:

«Եթե Ջավախքը հայաթափվեց, այն երբեք Վրաստան չի դառնա: Դա նշանակում է Ջավախքի թրքացում: Այդպիսով մենք 100 տոկոսով կհայտնվենք թուրքի շրջափակաման մեջ»,- ընդգծեց Հ. Ալվրցյանը, ով կարծում է, որ Ջավախքի հարցը լուծելու համար «հարկավոր է ամեն ջանք գործադրել Ջավախքը հայաբնակ պահելու համար»:

15.04.09, 18:25

Aysor.am

No comments:

Post a Comment