
«Յուրաքանչյուր քաղաքական ուժ իրավունք ունի ընտրելու իր սեփական սկզբունքները պաշտպանելու ու վերականգնելու ժամկետը, եղանակը և հաճախականությունը»,- ԱԺ-ում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` Հայ հեղափոխական դաշնակցության` կոալիցիայից դուրս գալու որոշումը որակելով որպես «մի փոքր ուշացած, բայց դրական և իրենց սկզբունքներին համապատասխանող քայլ»:
Վաղ համարելով որևէ մեկնաբանություններ անել ՀՅԴ-ի հայտարարության վերաբերյալ` Ր. Հովհաննիսյանը կարևորեց ոչ թե կոալիցիայից դուրս գալն ու հետագա զարգացումները, այլև այն, թե «ի՞նչ է անելու հայ ժողովուրդն այս ճակատագրական ջրբաժանի ժամանակ»:
«Անհրաժեշտ է դուրս գալ այս կուսակցականացված վիճակից և հասկանալ, որ այսօր զոհասեղանի` համազգային նժարի վրա, դրված է ոչ միայն մեր պատմական արժանապատվությունը, այլև մեր պետական ապագան: Անհրաժեշտ է, որ գործող իշխանությունները գաղտնազերծեն ինչպես Մադրիդյան սկզբունքները, այլնպես էլ «ճանապարհային քարտեզը»` Թուրքիայի հետ ընդունած համաձայնեցրած հիմքը»,- ընդգծեց Ր. Հովհաննիսյանը:
Հայտարարության գաղտազերծումը, ըստ Ր. Հովհաննիսյանի, պետք է իրականացվի «այս շաբաթ, որպեսզի հարցի տերը` հայ ժողովուրդը, հասկանա` բանակցությունները վարվում են առանց նախապայմանների՞, թե՞ իրականությանն են համապատասխանում թուրքական մամուլի հրապարակումները»: Նրա կարծիքով, եթե Թուրքիան առաջ է քաշում նախապայմաններ, ապա Հայաստանն էլ պետք է ներկայացնի «հայ ժողովրդի նախապայմանները` կապված Ցեղասպանության ճանաչման, հատուցման, չլուծված հարցերի և տարածքների հետ»:
Ր. Հովհաննիսյանը հնարավոր համարեց ՀՅԴ-ի հետ համագործակցությունն ընդդիմադիր դաշտում, եթե գտնեն համագործակցության էական բանաձևեր և ասաց` «Բարով եկան»:
ԱՅՍՕՐ, 16:28
No comments:
Post a Comment