«Այս օրենքի հիմնական նպատակն է միջազգային կոնվենցիաների հետ մեր օրենքի, մեր օրենսդրության համապատասխանեցումը` նոր միջուկային կայանների մասով»,- հայտարարեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ով ԱԺ-ի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի ապրիլի 6-9-ը քառօրյայի այսօրվա նիստի քննարկմանը դրված «ՀՀ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ներկայացրեց պատգամավորներին:
Ա. Մովսիսյանը մանրամասն ներկայացրեց այն հիմնական դրույթները, որոնցից բաղկացած է սույն օրենքի նախագիծը: Նա տեղեկացրեց, որ նոր միջուկային էներգաբլոկների կառուցման համար հարթակը պետք է բավարարի նոր ատոմային էլեկտրակայանների հարթակին ներկայացվող պահանջներին, հարթակի ընտրությունը պետք է կատարվի ՀՀ օրենսդրության և գործող քաղաքաշինական նորմատիվային ու ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության անվտանգության չափանիշներին համապատասխան:
Հաջորդ կարևոր դրույթը, ըստ նախարարի, անվտանգության պահանջների ապահովումն է:
«ՀՀ Կառավարությունը նոր միջուկային էներգաբլոկների նախագծման, հարթակի ընտրության, կառուցման, շահագործման և շահագործումից հանելու ընթացքում ապահովում է միջազգային կոնվենցիաներով ՀՀ ստանձնած պարտավորությունները և ՀՀ միջուկային ճառագայթային անվտանգության նորմերի պահանջները»,- նշեց Ա. Մովսիսյանը:
Օրենքով Կառավարությունը պարտավորվում է նաև սահմանված կարգով պարբերաբար հասարակությանը տեղեկացնել նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքների ընթացքի մասին:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացնող Հերմինե Նաղդալյանը հայտնեց, որ «այս օրինագիծը պատկանում է նրանց թվին, որոնք այնքան մանրամասն են քննարկված և մշակված, որ հարակից զեկույցի և հանձնաժողովի եզրակացության կարիքը չկա»: Նա ընդգծեց, որ նախագիծը «մեծ հետաքրքրությամբ է քննարկվել», և հայտնեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:
07.04.09, 19:12
No comments:
Post a Comment