«Վրաստանի այսօրվա իրադարձությունները հետևանք են Վրաստանի` վերջին 10-ամյակի ընթացքում վարած ներքին և արտաքին քաղաքականության, քանի որ Վրաստանն այդպես էլ չկարողացավ կատարել իր վրա դրված պարտավորությունները` թե´ ներքին, թե’ արտաքին քաղաքական իմաստով»,- հայտարարեց «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը Վրաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների և հնարավոր իշխանափոխության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ վրացական ընդդիմությունը պահանջում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հրաժարականը, որի նպատակով բողոքի ակցիաներ է կազմակերպում:
Ըստ Հ. Ալվրցյանի, Վրաստանն ունի բազմաթիվ չլուծված հարցեր, առավել ևս կարևորվում են ազգային խնդիրները, որոնք կարևոր նշանակություն ունեն թե´ ներքին և թե´ արտաքին քաղաքականության մեջ:
«Այսօր Վրաստանում կուտակված բոլոր խնդիրները, որոնք ընդդիմությանը և ժողովրդին ոտքի են հանել, հին են, բայց, ցավոք սրտի, ընդդիմությունը չունի դրանց լուծումները»,- նշեց Հ. Ալվրցյանն ու ընդգծեց. «Այս շարժումները, չեմ կարծում, որ կարող են վերածվել իշխանափոխության, քանի որ իշխանափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարախոսություններ, նոր մտքեր և նոր առաջնորդ»:
Հ. Ալվրցյանի խոսքերով, վրացական ընդդիմությունը Սահակաշվիլու նույն շրջանակից է, և ազգային փոքրամասնությունները, հատկապես Ջավախքցիները, այդ իշխանափոխության մեջ իրենց խնդիրների լուծումները չեն տեսնում. «Նրանք հասկացել են, որ ո´չ Սահակաշվիլին, ո´չ էլ այս ընդդիմադիրները ոչ մի անելիք և ասելիք չունեն ազգային փոքրամասնությունների խնդիրների համար»:
Որևէ ազգային փոքրամասնություն, Հ. Ալվրցյանի կարծիքով, չի ներքաշվել ընդդիմության առաջ բերած պայքարի մեջ, քանի որ «այս իշխանափոխությունը հեռանկար չունի»:
«Սովորաբար ընտրապայքարում կամ իշխանափոխության ժամանակ ընդդիմադիրները միշտ օգտագործում են այն խնդիրները, որոնք վատ է լուծել նախորդ կամ գործող կառավարությունը: Այս ընդդիմադիրները, քաջ գիտենալով, որ գործող իշխանությունները չեն լուծել ազգային փոքրամասնությունների խնդիրները, ավելին` վատացրել ու խորացրել են, իր ելույթներում բացարձակ չեն հենվում այս փաստի վրա և չեն օգտագործում այն` գործող իշխանությունների դեմ»,- մանրամասնելով` իր խոսքը եզրափակեց Հ. Ալվրցյանը:
15.04.09, 16:29
No comments:
Post a Comment