Thursday, April 2, 2009

Իրատեսական է «սահմանի սահմանափակ բացումը»

«Ամենայն հավանականությամբ Օբաման չի արտասանի «Հայոց Ցեղասպանություն» բառը, սակայն, փոխարենը, նա մի շարք մեղմացումներ կմտցնի հայ-թուրքական հարաբերություններում», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Արշակ Շաքարյանը:

Թուրքագետի կարծիքով` հայ-թուրքական հարաբերություններում «ցեղասպանության հարցը հետին պլան է մղվում», իսկ ԱՄՆ-ի կողմից «ցեղասպանություն» բառն արտասանելու հանգամանքը օգտագործվում է Անկարայի վրա ճնշումներ գործադրելու և այլ հարցերում հաջողությունների հասնելու նպատակով:

Չնայած այն հանգամանքին, որ, ըստ Ա. Շաքարյանի, վերջին 10 տարիների ընթացքում 2009 թ-ն ամենահավանականն է սահմանի բացման համար, սակայն, թուրքագետի համոզմամբ, սահմանի լիրարժեք բացում չի լինի, փոխարենն, իրատեսական է «սահմանի սահմանափակ բացումը, կամ վիզայի ռեժիմի մեջ փոփոխություններ մտցնելը»:

«Թուրքիան Հայաստանի համար միշտ անում է այնպիսի զիջումներ, որը հեշտությամբ կարող է հետ վերցնել, մինչդեռ Հայաստանից պահանջում է այնպիսի զիջումներ, որոնք Հայաստանը հետո դժվար թե կարողանա հետ վերադարձնել», - ընդգծեց Ա. Շաքարյանն ու մանրամասնեց` ասելով. «Այս դեպքում հարցն այն է, թե Հայաստանն ի՞նչ կարող է տալ, որը, սահմանի հնարավոր փակումից հետո, կարող է հետ վերցնել:

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման գործում Թուրքիայի կողմից ԼՂՀ հիմնահարցը որպես նախապայման օգտագործելուն` Ա. Շաքարյանը հայտնեց, որ «Ղարաբաղյան հարցի նախապայման լինելը մտացածին է, չնայած որ ամենահիմնականներից է»:

«Այն կապված է Թուրքիայի տնտեսական և ազգայնական հեռանկարների հետ, սակայն վերջին իրադարձությունները տանում են նրան, որ Ղարաբաղի հարցը դուրս է մղվում Թուրքիայի դիվանագիտական քաղաքականության կիզակետից», - նշեց Ա. Շաքարյանը:

Վերջինս չբացառեց, որ ԼՂՀ հիմնահարցի` նախապայմաններից դուրս բերումը, Թուրքիան կարող է «ներկայացնել և շահարկել որպես մեծ զիջում»:

ԱՅՍՕՐ, 15:29

Aysor.am

No comments:

Post a Comment