
Նշենք, որ Ա. Շահբազյանը ներկայացրեց երեկ տեղի ունեցած Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի վարած Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի արդյունքում հրապարակված հայտարարությունից Հայաստանին առնչվող կետը: «Հայ և թուրք ժողովուրդների համատեղ պատմությունը պետք է գնահատվի օբյեկտիվ և գիտական մոտեցմամբ, որը կամրապնդվի անվիճելի ապացույցներով ու փաստաթղթերով և ազատ կլինի բոլոր կանխակալ պատկերացումներից»:
Ի պատասխան ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ «մենք բազմիցս նշել ենք, որ մեր` Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի համատեղ հայտրարության մեջ ասվում է, որ այն առաջընթացը, որը ձեռք է բերվել, գոհացնում է երկու կողմերին»:
«Դուք կարծում եք, մեզ կարո՞ղ են գոհացնել ինչ-որ նախապայմաններ, երբ մենք բազմիցս Հանրապետության նախագահի մակարդակով հայտարարել ենք, և ես ինքս էլ հայտրարել եմ, որ որևէ նախապայման չկա: Մենք բանակցությունները մեկնարկել ենք փոխադարձ ըմբռնումով, որ չկան նախապայմաններ, և եկել ենք առաջընթացի` նույն ըմբռնումով»,- հակադարձեց Է. Նալբանդյանը:
Է. Նալբանդյանը նաև անդրադարձավ խնդրի առնչությամբ հայտարարությունից անմիջապես հետո արված տարբեր մեկնաբանությունների: Նա հիշեցրեց, որ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունում` բացի ողջույնից, ասվում է, որ հարաբերությունները երկու երկրների միջև պետք է կարգավորվեն առանց նախապայմանների:
Ըստ Է. Նալբանդյանի Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի հայտարարությունում, որը տեղակայված է Թուրքիայի նախագահի կայքում, Հայաստանի և 1915 թ-ի վերաբերյալ ասվում է` «Քննարկվել է նաև 1915 թ-ի դեպքերի վերաբերյալ վերջերս մի շարք երկրների կողմից արված հայտարարությունները և այդ ուղղությամբ նախաձեռնությունները»:
ՀՅԴ պատգամավոր Ա. Շահբազյանը պնդեց, որ պաշտոնական կայքում տեղադրված է նաև իր ներկայացրած տեղեկատվությունը: Նա հայտարարությանը մոտեցավ «արտգործնախարարի տրամաբանությամբ» և հարցրեց. «Կարելի՞ է ենթադրել, որ ապրիլի 22-ի հայտարարության նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի արած հայտարարությունները, և դրանից հետո եղած հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Ստացվում է, որ թուրքերը պատրա՞ստ են հարաբերություններ հաստատել` մի կողմ դնելով նախապայմանները: Այս դեպքում ստացվում է, որ իրե՞նք են խաբում թուրք ժողովրդին»:
Է. Նալբանդյանն առաջարկեց չանդրադառնալ թուրքական կողմի մեկնաբանություններին և դիրքորոշումներին: Նա ընդգծեց, որ «մենք եկել ենք առաջընթացի բանակցություններում, և այդ առաջընթացը հենց այն է, որ գոհացնում է երկու կողմերին, այսինքն` առանց նախապայմանների գնալ լիակատար հարաբերությունների կարգավորման»:
29.04.2009, 19:08
No comments:
Post a Comment