
«Ես ոչ միայն առաջարկում եմ, այլ ակնկալում եմ շատ արագ արձագանք` վերին աստիճանի կշռադատված, որովհետև մենք տեսնում ենք, որ մեր հարևանները վերին աստիճանի օպերատիվ են այսպիսի դեպքերում»,- Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ ԱԺ-ի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի ապրիլի 27-30-ը քառօրյայի այսօրվա նիստոմ ասաց «Ժառանգություն» խբմակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա, Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարությունների հայտարարությունը, հայ-թուրքական հարաբերությունների զարգացումները «վերին աստիճանի կարևոր հանգամանքներ են, որոնք շրջադարձային են ինչպես Հայաստան-Թուրքիա, այնպես և արտաքին քաղաքականության մեջ»:
«Կարծես Հայաստանը կիսաննջած մի վիճակում է ուզում մնալ կամ այդպես են ուզում պահել մեր հասարակությանը, այնինչ մեր հորդորը միտված է հնարավորինս շուտ կանխել այն բոլոր բացասական զարգացումները, որոնք արդեն իսկ, առնվազն, սկսվել են` առանց մեր միջամտության»,- հայտարարեց Լ. Ալավերդյանը` ինֆորմացիոն և դիվանագիտական դաշտում ԱԺ-ի անելիքների մասին խոսելով:
Ըստ «Ժառանգություն» խմբակցության անդամի, Հայաստանն արդեն ունի «դառը փորձ», ինչի մասին են վկայում ԼՂ հիմնահարցի շուրջ ձեռքբերված փաստաթղթերի և բանակցությունների «տխուր վիճակը, որին մենք հասել ենք»:
«Այդ դառը փորձը մեզ հուշում է, որ մենք վերին աստիճանի աչալուրջ պետք է լինենք Թուրքիա-Հայաստան հարաբերություններին վերաբերող հարցերում, որովհետև սա ոչ միայն Արցախի` որպես Հայաստանի մեկ մարզի, այլ Հայաստանի ամբողջական վերբերմունքն է»,- ընդգծեց Լ. Ալավերդյանը:
27.04.2009, 20:43
No comments:
Post a Comment