«Հայաստանում կան բոլոր նախադրյալները, որպեսզի Հայաստանը ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում կարողանա դիմադրել բոլոր մարտահրավերներին և ճգնաժամից դուրս գա և´ քաղաքականապես, և´ տնտեսապես կայացած և հզորացած»,- հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար, պատգամավոր Արծրունի Աղաջանյանը:
Հակիրճ ներկայացնելով ՕԵԿ-ի վարած մեկամյա գործունեությունը` որպես կոալիցիոն իշխանության անդամ, Ա. Աղաջանյանը «բարձր գնահատեց կատարված քայլերը» և նշեց, որ մեկ տարվա ընթացքում աշխատել են «վստահության մթնոլորտում և ձևավորել են միմյանց նկատմամբ հավատ»:
ՕԵԿ անդամը կարևորեց նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի վերաբերյալ քննարկվող բանաձևերը: Լինելով ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ` Ա. Աղաջանյանը նշեց, որ հունվարյան նստաշրջանում Հայաստանի մասին բոլոր զեկույցներում ասվում էր, որ «չի կարելի և անիմաստ է Հայաստանի պատվիրակությանը` ներկայացուցչական մարմնին, զրկել ձայնի իրավունքից»:
«Առավել ևս, երբ այն հարցերը, որոնք քննարկվում էին, գործադիր իշխանության խնդիրներն էին և ոչ թե ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության թերացումները, բացի այդ` ԵԽ-ի կողմից բարձրացված խնդիրները լուծման ընթացքի մեջ էին»,- մանրամասնեց պատգամավորը:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին` մասնավորապես ԼՂ հակամարտության խնդրին, պատգամավորը հայտնեց, որ ՕԵԿ-ը «միանշանակ սատարում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշմանը` գտնելով, որ պետք է պաշտպանվի ԼՂՀ անվտանգությունը, ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջնի կազմում, և ԼՂ հիմնահարցի հետ կապված բանակցությունները պետք է ընդանան ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցությամբ»:
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ խոսելիս` Ա. Աղաջանյանն ընդգծեց, որ ՕԵԿ-ը «կողմ է սահմանի բացմանը, նաև այն նկատառումով, որ Հայաստանի դիրքն այնպիսին է, որ չի կարող լինել շրջափակման մեջ և պետք է հարաբերություններ ունենալ հարևան բոլոր երկրների հետ»:
22.04.2009, 18:10
No comments:
Post a Comment