Wednesday, April 8, 2009

«Սահմանի բացումը դրական է և´ Հայաստանի, և´ Թուրքիայի համար»

«Թուրքիայի հետ սահմանի բացման հարցը բազմիցս բարձրացվել է ԵՄ-ում և մենք խնդրել ենք, որպեսզի լրջորեն ուսումնասիրվեն բոլոր այն հետևանքները, որոնք կարող են տեղի ունենալ սահմանի բացումից հետո»,- հայտարարեց Հայաստան-ԵՄ համագործակցության հանձնաժողովի համանախագահ Մարի Անն Իզլեր Բեգենը, ով նշեց նաև, որ Հայաստան ժամանած Եվրախորհրդարանական պատվիրակությունը «նույնիսկ պատրաստվել է բանակցություններ վարել սահմանի մյուս կողմում գտնվող գործընկերների հետ, սակայն իրենց խորհուրդ են տվել զուսպ լինել, թողնել, որ բանակցություններն ընթանան իրենց հունով»:

Մարի Անն Իզլեր Բեգենի կարծիքով, սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի, այլև Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակի վրա, քանի որ «այդ հատվածում են Թուրքիայի ամենաաղքատ շրջանները և սահմանի բացումը դրական կանդրադառնա»:

Մարի Անն Իզլեր Բեգենը տեղեկացրեց նաև, որ ուսումնասիրություն է կատարվել, «որպեսզի ցույց տան, թե որքա՞ն անհրաժեշտ և հրատապ է բացել սահմանը Թուրքիայի և Հայաստանի միջև, որպեսզի ապացուցեն, թե որքա՞ն իրավացի էին իրենք, երբ պնդում էին, որ պետք է սահմանը բացվի»:

Համանախագահն անդրադարձավ նաև ԼՂ հակամարտությանը և ասաց, որ շատ է ցավում, որ 10 տարիների ընթացքում իրենք չկարողացան այս հարցին լուծում տալ:

«Մենք տարաձայնություններ չունենք հակամարտությունը լուծելու խնդրում, մեզ համար անչափ կարևոր է, որ ժողովուրդները պատրաստ լինեն փոխզիջման»,- ընդգծեց Մարի Անն Իզլեր Բեգենը և նշեց, որ և´ Ադրբեջանում և Հայաստանում բարձրացնում է հարց, թե արդյոք այս երկրների ժողովուրդները պատրա՞ստ են փոխզիջման գնալ:

«Երբ որ հանդիպում ենք երկու երկրների նախագահներին, միշտ խոսում ենք փոխզիջման մասին, քանի որ այս ստատուս քվոյի իրավիճակը չի կարող երկարատև լինել և չի կարող դրական լուծման հանգեցնել»,- մանրամասնեց համանախագահը:

Հայաստանյան համանախագահ Ավետ Ադոնցն ավելացրեց, որ ԵԽ պատվիրակության հետ այսօրվա ընդունած փաստաթղթում ԼՂ հակամարտության վերաբերող մասը հիմնաված է երեք դրույթների վրա, այն է` ինքնորոշում, տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում:

08.04.2009, 20:03

Aysor.am

No comments:

Post a Comment