
Այսօր Երևանի քաղաքապետարանում բացվելու է Նարեկ Ավետիսյանի անհատական ցուցահանդեսը` նվիրված հոր` Մինաս Ավետիսյանի ծննդյան 80-ամյա հոբելյանին: Այս մասին Aysor-ին հայտնեց հենց ինքը` նկարչի որդին:
Ն. Ավետիսյանի խոսքերով, ցուցահանդեսը կրում է «Ետդարձ» խորագիրը, որտեղ ներկայացված են իր տարբեր ժամանակների ստեղծագործությունները:
Aysor-ի այն հարցին, թե ինչու՞ է ցուցահանդեսը կրում «Ետադարձ» խորագիրը, Ն. Ավետիսյանը պատասխանեց. «Ետդարձն արվեստի ուղին է: Արվեստն ամենամեծ ազատություն է: Ետադարձը հենց վերադարձ է այդ ազատությանը, որը կարող էր ժամանակակից արվեստի մեր վերջին տարիների զարգացման ընթացքում տուժել, ինչու՞ չէ, նաև իմ կողմից»,- բացատրեց նկարիչը:
Ըստ Ն. Ավետիսյանի, ամեն ինչ իր ժամանակն ունի` «գալիս է մի պահ, որ ազատությունը զգում ես այնքանով, որ պատկերում ես քո մեջ եղող տեսանկյունները»: Նրա կարծիքով, այսպիսի մի փորձ է նաև այս ցուցահանդեսը:
Ձեզ համար որտե՞ղ է սահմանը Մինաս արվեստագետի և Մինաս ծնողի միջև: Պատասխանելով Aysor-ի այս հարցին` նկարիչ Ն. Ավետիսյանն ասաց, որ իր համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է լինել «նման մարդու զավակ»:
«Իհարկե, որպես արվեստագետի, ես չեմ անձնավորում իրեն: Ես նայում եմ Մինասին` որպես արվեստագետ, ով ինձ համար նույնպես օրինակ է ծառայել ու ծառայում է` որքան էլ փորձեմ լինել ինքնուրույն»,- մանրամասնեց Ն. Ավետիսյանը:
Ամփոփելով զրույցը` նկարիչ Նարեկ Ավետիսյանն ասաց, որ հոր հանդեպ պարտականություն ունենալն է նաև նրա հիշատակին նվիրված ցուցահանդես կազմակերպելը, քանի որ միշտ էլ ցանկացել է հարգանքի տուրքը մատուցել նրան:
18.04.09, 12:07
No comments:
Post a Comment