«Հաշվի առնելով, որ Թուրքիայում վերջերս քարոզչություն է տարվում, թե Ցեղասպանության ճանաչման հետապնդման նախաձեռնությունը սփյուռքահայ համայնքների գործունեությունն է, իսկ Հայաստանում հասարակական կազմակերպություններն ու երիտասարդ միությունները չեն զբաղվում դրանով, մենք որոշեցինք այս քայլով ասել, որ Ցեղասպանությունը ոչ միայն Սփյուռքի հարցն է, այլև Հայաստանում գործող կազմակերպությունների և երիտասարդների` ի դեմս բոլոր քաղաքական ուժերի», - հայտարարեց Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Հայաստանի երիտասարդական միության անդամ Սասուն Սարգսյանը:
Տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության, ՀՅԴ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական թևերը բաց նամակ են գրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով ապրիլի 24-ի իր ելույթում օգտագործել «Ցեղասպանություն» բառը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեցին կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչները:
Նշենք, որ նամակում մասնավորապես ասվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «այժմ էլ պետք է կատարի իր տված խոստումը, այն է ապրիլի 24-ի ուղերձում ի լուր աշխարհի` այս անգամ որպես ԱՄՆ նախագահ, կճանաչի պատմական ճշմարտությունը»:
Երիտասարդները հայտնեցին, որ նամակը հանձնել են Հայաստանում Ամերիկայի դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնին, որտեղ էլ խոստացել են նամակն ուղարկել Սպիտակ տուն և հասու դարձնել Բարաք Օբամային:
«Կան հարցեր, որոնց շուրջ Հայաստանի, ինչպես նաև արտերկրի հայ երիտասարդները միակարծիք են և պատրաստ են համագործակցել», - ընդգծեց ԲՀԿ երիտասարդական թևի անդամ Վահե Էնֆիաջյանը:
Նամակում երիտասարդներն ասում են նաև, որ «իրենք մեծապես ոգևորված են, որ Ցեղասպանության 94-ամյակի տարելիցից ընդամենը մի քանի օր առաջ Օբամայի ծննդավայր Հավայի նահանգի օրենսդիր մարմինը ևս պաշտոնապես ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը և դատապրտել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը` դառնալով այդ տեսակետից ԱՄՆ-ի 42-րդ նահանգը»:
«Հայոց Ցեղասպանությունը, ոչ միայն հայերի խնդիրն է, այլև ողջ առաջադեմ մարդկության, քանի որ Ցեղասպանությունը ճանաչելն առաջին հերթին նշանակում է կանխել», - համոզված է ՀՀԿ երիտասարդական թևի անդամ Գեորգի Գաբրիելյանը, ով կարծում է, որ Օբաման նախընտրական քարոզարշավի ընթացքում Ցեղասպանության ճանաչման մասին խոստումը ոչ միայն տվել է հայերին, այլև Ամերիկայի ու ողջ աշխարհի հասարակությանը:
Երիտասարդները տեղեկացրեցին, որ իրենց միանալու կոչը մերժել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևը, իսկ «Օրինաց երկիր» և «Միակ» կուսակցությունների երիտասարդական թևերը չեն միացել` պատճառաբանելով, որ իրենցից յուրաքանչյուրը հանդես է գալու այլ հայտարարությունով:
Նշենք, որ երեք կուսակցություններից բացի, բաց նամակին են միացել նաև շուրջ 30 ուսանողական խորհուրդներ և մի շարք հասարակական ու այլ կազմակերպություններ: Երիտասարդները նաև հույս հայտնեցին, որ իրենց նախաձեռնությանը միացողներ դեռ կգտնվեն:
17.04.09, 13:48
No comments:
Post a Comment