Tuesday, April 21, 2009

ՕԵԿ-ը պատրաստ է համագործակցել ՀԱԿ-ի հետ

Օրինաց երկիր կուսակցությունը Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո պատրաստ է համագործակցել Հայ ազգային կոնգրեսի հետ, եթե ձևավորվի մի կոալիցիա, որում ընդգրկված լինի նաև ՀԱԿ-ը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց կուսակցության ընտրացուցակի երկրորդ տեղը զբաղեցնող բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, առողջապահական գիտությունների թեկնածու Հենրի Բակունցը:

«Շատ ճիշտ ճանապարհ է, երբ իշխանությունը և ընդդիմությունը պայմանագիր են կնքում, որպեսզի լուծեն այն խնդիրները, որոնք առկա են մեր հասարակության մեջ», - հայտարարեց Հենրի Բակունցը` հիշեցնելով, որ 2008 թ-ի նախագահական ընտրություններից հետո, իրենք, լինելով ընդդիմություն, «միացան իշխանությանը` իրականացնելու այն խնդիրները, որոնք առկա են մեր պետությունում»:

Հ. Բակունցի կարծիքով, եթե նույնը լիներ 1996 թ-ին, այն է` պայմանագիր կնքվեր Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի միջև, «տգեղ երևույթները, որոնք տեղի ունեցան, չէին լինի»:

«Ինչու՞ մեր հայ ազգը պետք է ունենա երկու ճամբար, որոնք այդպիսի անհանդուրժողական մոտեցումներ են դրսևորում: Նրանք պարտավոր էին նստել դեմ դիմաց, պայմանավորվել և ժողովրդին սխալ ճանապարհով չտանել», - կարծիք հայտնեց Հ. Բակունցն ու հայտարարեց, որ 1996 թ-ին տեղի ունեցած դեպքերի համար ինքը «մեղավոր է համարում երկու կողմի` և իշխանության, և ընդդիմության քայլերը»:

Այն հարցին, թե ո՞վ էր մեղավոր 2008 թ.-ի մարտյան իրադարձությունների համար, Հ. Բակունցը պատասխանեց. «Իշխանությունը քայլ արեց` առաջարկեց ընդդիմությանը լիդերներին միավորվել` դառնալ կոալիցիոն իշխանության անդամ»:

«Նրանցից մեկի կողմից (Aysor` ի նկատի ունի ՕԵԿ-ին) առաջարկն ընդունվեց, մյուս կողմը` այդ համաձայնությանը չգնաց և գերադասեց դուրս գալ փողոց: Թե չընդունելն ինչո՞վ վերջացավ, ականատեսը եղաք դուք», - հայտնեց առողջապահական գիտությունների թեկնածուն:

20.04.2009, 14:47

Aysor.am

No comments:

Post a Comment