«Չի կարելի միանշանակ դիտել թուրք հասարակությանը, որովհետև թուրքիայում ապրում են տարբեր ցեղեր, կա սահմանի մոտ և սահմանից հեռու հասարակություն, որոնց մեջ մեծ տարբերություններ կան: Ինչ վերաբերում է մամուլում հայ-թուրքական սահմանի բացման մասին հրապարակումներին, ապա Թուրքիայում խոսվում է 3 նախապայմանի մասին»,- հայտնեց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հասարակական կազմակերպության գիտաշխատող, թուրքագետ Րաֆֆի Քորթոշյանը:
Ըստ Ր. Քորթոշյանի, Հայաստանում խոսվում է միայն երկու նախապայմանի մասին, որոնք «խաբուսիկ են, և որոնց միջոցով Թուրքիան ուզում է մեզ ծուղակի մեջ գցել»: Նա նշեց, որ Թուրքիայի ներկայացրած առաջին նախապայմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն է, երկրորդը` Ցեղասպանության հարցն է, երրորդը` 1921 թ-ի Կարսի պարմանագրի` Հայաստանի կողմից ստորագրումն է:
«Առաջին երկու պայմանները խաբուսիկ են, քանի որ Թուրքիան լավատեղյակ է, որ Հայաստանը սահմանը բացելու համար երբեք չի նվիրի Արցախը: Թուրքիան մեծ շահ չունի, որ նախապայման ներկայացնի Ցեղասպանության հարցը չքննարկել բարձր ատյաններում, քանի որ Թուրքիան դարձյալ շատ լավ գիտի, որ, եթե Հայաստանը նույնիսկ չքննարկի այդ հարցը, Սփյուռքը քննարկելու է»,- մանրամասնեց թուրքագետը:
Ր. Քորթոշյանի համոզմամբ` Թուրքիայի «հիմնական շահը, որի մասին, դժբախտաբար, Հայաստանում չի խոսվում, Կարսի պայմանագրի ստորագրումն է, որը, եթե ընդունենք, ապա վերջնականապես կկորցնենք Արևելյան Հայաստանի Կարսն ու Սուրմալուն, հետևաբար ողջ Արևմտյան Հայաստանը»:
«Եթե չստորագրենք, Թուրքիան կասի` ինչպե՞ս բացեմ սահմանը, եթե դու իմ անկախությունը չես ճանաչում, ու այդ հանգամանքը կդարձնի մատի փաթաթան ամբողջ աշխարհի առաջ, ինչպես արեց Կիպրոսի դեպքում»,- ընդգծեց թուրքագետն ու հավելեց, որ նման իրավիճակում չհայտնվելու համար, մենք պետք է ներկայացնենք հակակշիռ նախապայմաններ:
18.04.09, 18:03
No comments:
Post a Comment