«Դաշնակցությունն աթոռից երբեք չի հրաժարվի, քանի որ Դաշնակցությունը հայրենիքից է հրաժարվել աթոռի համար», - հայտարարեց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը օրերս Հայ հեղափոխանական դաշնակցության (ՀՅԴ) տարածած հայտարարության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՀՅԴ հայտարարության համաձայն` Դաշնակցությունը կարող է դուրս գալ իշխանական կոալիցիայից: ՀՅԴ հայտարարությունը տարածվեց Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարությունների ապրիլի 23-ին համատեղ հայտարարությունից հետո:
Պ. Հայրիկյանը ասաց, որ «երանի, թե այս անգամ Դաշնակցության հարցում սխալվի», սակայն հիշեցրեց, որ Դաշնակցությունը մեր ազգի համար վճռորոշ պահերին միշտ էլ հանդես է եկել ի օգուտ «աթոռի»:
«Որպես մասնակիցը 1988-1990 թթ-ի իրադարձությունների` կարող եմ ամենայն պատասխանատվությամբ վկայել, որ մեր ազգի համար ամենավճռական փուլում, «Ազատ, անկախ Հայատան, մահ կամ անկախություն» ասող այդ նույն Դաշնակցությունը նույնիսկ դեմ էր անկախությանը», - հայտնեց Պ. Հայրիկյանը:
Նա հիշեցրեց նաև, որ նույնը կատարվել է 1920 թ-ին, երբ բոլշևիկները Դաշնակցությանը «խոստացել են երկու աթոռ` Հայաստանի փոխարեն»:
«Մեր ազգի հերոս Դրոն 1920 թ-ին իր ստորագրությամբ երկիրը տվել է բոլշևիկներին, իսկ ինքը գնացել է Մոսկվա, կյանք է վայելել, երբ հայ բոլոր սպաներին այստեղ կոտորել են», - նշեց ԱԻՄ ղեկավարն` ընդգծելով, որ «Մահ կամ ազատ Հայաստան, եկ փախչենք արտասահման»-ն է եղել 1920 թ-ին ՀՅԴ կարգախոսը: Հայրիկյանը նաև հավելեց, որ «70 տարի մենք անկախություն չենք ունեցել, քանի որ Դաշնակցությունը մի հոգու չզոհաբերեց անկախության համար»:
«Դաշնակցությունը եղել է, մնում է և, երևի, դեռ երկար կմնա պոռոտախոսների կուսակցություն», - ամփոփելով իր խոսքը` հայտարարեց Պ. Հայրիկյանն ու ավելացրեց, որ «նրանք աթոռը թողնողը չեն, քանի որ առանց աթոռի չկան»:
25.04.2009, 14:54
No comments:
Post a Comment