
«Պատասխան տալու՞ եք Թուրքիայի վարչապետի վերջին շրջանի հայտարարություններին, ով, միանալով Ադրբեջանցի իր գործընկերոջը, ուզում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Հայաստանին ճանաչել բռնազավթիչ, օկուպանտ: Ձեզնից որևէ մեկը իրենց և միջազգային հանրությանը հնչեցնելու՞ է, թե իրականում ո՞վ է օկուպանտ Հայոց բարձրավանդակում: Ի՞նչ դրույթներ է պարունակում համապարփակ շրջանակը, որը համաձայնեցված է Հայաստանի և Թուրքիայի միջև: Ի՞նչ դրույթներ է պարունակում «ճանապարհային քարտեզը»: Երբ խոսվում է համաձայնեցման մասին, կոնկերտ ո՞ր դրույթներն էին համաձայնեցված կողմերի միջև»:
Այս հարցերի շարքը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ի պատասխան, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ հարցի առնչությամբ երեկ ԱԳ նախարարը հնարավորություն է ունեցել ԱԺ-ում մանրակրկիտ բացատրություններ տալու` Հայաստանի վարած քաղաքականության վերաբերյալ:
«Ես շատ լավ գիտակցում եմ, որ խոսքը գնում է ոչ թե նրա մասին, թե ինչպիսին են բանակցությունների սկզբունքային կետերը, այլ այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների մեր պատկերացումները տարբեր են: Այսինքն` մենք քաջ գիտակցում ենք, որ կան քաղաքական ուժեր, որոնք կողմ չեն, որպեսզի մենք Թուրքիայի հետ հաստատենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ և բացենք սահմանը»,- հայտարարեց Տ. Սարգսյանը:
Տ. Սարգսյանը վստահեցրեց, որ բանակցությունները կլինեն հրապարակային և «մեր ժողովուրդը, ինչպես նաև պատգամավորները` ժողովրդի ներկայացուցիչները, հնարավորություն կունենան տալու իրենց գնահատականները, մանավանդ, որ փաստաթուղթն անխուսափելիորեն հայտնվելու է ԱԺ-ում»:
«Այս տեսակետից ես ձեզ հավաստիացնում եմ, որ որևիցե պայմանավորվածություն, գաղտնի սկզբունք, գաղտնի կետեր, որոնք մենք ձեզ չենք ներկայացնելու, չկան և չեն լինելու: Որոշումները լինելու են ձերը, և մենք չենք կարող թափանցիկ աշխատելու կարևոր սկզբունքային կետը շրջանցել»,- նշեց վարչապետը:
Ամփոփելով խոսքը` Տ. Սարգսյանն ընդգծեց, որ «մեր ազգային շահերից բխում է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը չի կարող լինել և չպետք է լինի հակաթուրքական, այլ պետք է լինի պրոհայկական. սա սկզբունքային հարցադրում է, և հենց այս հարցադրման շուրջ է, որ այսօր կա բանավեճ»:
29.04.2009, 19:30
No comments:
Post a Comment