Այսօր ժամը 17.00-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում նորաբաց «Ամբողջը և հիմա» ցուցահանդեսի բացմամբ բացվելու է Մեդիա կենտրոն: Այս մասին հայտնեց Մեդիա կենտրոնի ղեկավար Կարինե Մացակյանը:
Կ. Մացակյանի խոսքերի համաձայն` Մեդիա կենտրոնի բացմանը կազմակերպված ցուցահանդեսը կանանց միամսյակի շրջանակներում է, բայց «իր բնույթով հանդիսանում է կանանց իրավունքների բարձրացում` ի հակադրություն տոնին»: Նշենք, որ Մեդիա կենտրոնի ղեկավարները ևս կանայք են` Սոնա Աբգարյանն ու Կարինե Մացակյանը:
Տեղեկացնանք, որ «Ամբողջը և հիմա» կարգախոսը 1968-ին հեղափոխականների գրաֆիտիներից էր, որը, ըստ կազմակերպիչների, համապատասխանում է այսօրվա Հայաստանի կանանց «խնդիրների կոնտեքստին»:
Կազմակերպիչների կարծիքով` կանայք «պետք է տեսանելի լինեն ոչ թե իրենց արտաքինով և գեղեցկությամբ, այլ մտքով, խոսքով և գործունեությամբ, պետք է ակտիվորեն զբաղվեն իրենց իրավունքների, հիմնախնդիրների արծածմամբ և լուծմամբ»:
«Ամբողջը և հիմա» ցուցահանդեսի կարգախոսերն են «խոսքի ազատություն, իրավահավասարություն, տնտեսական անկախություն, կնոջ իրավունքները ոտնահարող ավանդույթների ոչնչացում, կնոջ և տղամարդու կարծրացած դերերի վերաիմաստավորում»:
«Նախագիծը հերթական նախաձեռնությունն է` քաղաքականության և արվեստի կապի, ինչպես նաև դրանց ներկայացուցչականության նոր ձևերի մասին խորհելու: Սա ևս մեկ քայլ է` գտնելու այն հնարավոր արտահայտումները, որտեղ միավորվում են հասարակա-քաղաքական բովանդակությունը և արվեստը»,- նշում են ցուցահանդեսի կազմակերպիչները:
Տեղեկացնենք, որ ցուցահանդեսին ներկայացված են հայ և արտերկրի ժամանակակից կին արվեստագետների աշխատանքներ: Ցուցահանդեսի ժամանակ ներկաներին սպասվում է անակնկալ` «Պինցետ» կանանց ռոք խումբի համերգը:
02.04.09
Լիլիթ Բունիաթյան
No comments:
Post a Comment