
Հայաստանի պարարվեստի գործիչների միության նախագահ Վանուշ Խանամիրյանը, ով ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով այսօր` Պարի միջազգային օրը, ոսկե հուշամեդալ ստացավ, իր խորին շնորհակալությունը հայտնեց նախարարությանը:
Aysor-ի հետ զրույցում Վ. Խանամիրյանը հուզմունքը զսպելով նշեց, որ «դրանից ավելի լավ բան չկա, երբ գնահատվում է «Վանուշ» պարախումբը, որտեղ պարում են 50-60 տարեկան պարողներ»:
Վ. Խանամիրյանը խոսեց նաև պարարվեստի բնագավառում առկա հիմնական խնդիրներց: Նա նշեց, որ պարարվեստի հիմնական խնդիրն օտար մշակույթը կրող պարի ներթափանցումն է:
«Ինչ էլ ուզում եք ասել, մենք աշխարհին կարող ենք զարմացնել և աշխարհը կարող ենք գրավել միայն մեր հայկական պարով և հայկական տարազներով, եթե ամենաճշգրիտ ձևով ու ճիշտ երաժշտության ներքո պարենք»,- ընդգծեց Վ. Խանամիրյանն ու հավելեց, որ ինքը պարարվեստի բնագավառի բոլոր պարուսույցներին կոչ է անում երեխաներին հայկական տարազ հագցնել ու հայկական երաժշտության տակ պարել սովորեցնել:
«Մեր հայկական պարերն ամեն ինչ ասում են: Միշտ ասում եմ` չեմ սիրում, որ մեր երեխաները մերկանում են: Չէ՞ որ պարուսույցների ամենակարևոր և գլխավոր դերերից մեկն է, որ բոլորին հայեցի ու ազնիվ պահենք»,- նշեց Վ. Խանամիրյանը:
«Գարդման», «Էմանուել», «Հասմիկ» և «Ապարան» պարային խմբերի ղեկավար Հասմիկ Մկրտչյանը Aysor-ի հետ խոսելով Վանուշ Խանամիրյանի մասին` հայտնեց, որ Վ. Խանամիրյանը Մշակույթի նախարարի կողմից ստացել է արժանի մրցանակ: Նա կիսվեց նաև Վ. Խանամիրյանի մարդկային արժանիքներից` նշելով, որ «պարարվեստի հայրը իր անկեղծությունն ու ջերմությունը փոխանցվել է բոլորին»:
«Վանուշ Խանամիրյանը պարարվեստի հայրն է և հայրապես էլ պահում է պարարվեստի բնագավառի բոլոր ներկայացուցիչներին` հավասարապես ուշադրություն ու ջերմություն հատկացնելով, ինչպես հայրն է խնամում իր երեխաներին»,- զրույցն ամփոփեց Հասմիկ Մկրտչյանը:
29.04.2009, 17:27
No comments:
Post a Comment