
Այսօր ՀՀ Ազգային ժողովի Կանաչ սրահում բացվեց Ս. Հարության տոնին նվիրված ցուցահանդես, որը ԱԺ-ի աջակցությամբ կազմակերպել է «Ցուցասրահ 1»-ը («Gallery 1»): Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանի ժամանակակից 20 արվեստագետնրի մոտ 50 աշխատանքներ:
«Մենք մեր բազմաթիվ միջոցառումների ցանկում ընդգրկեցինք նաև շրջիկ ցուցահանդեսներ պետական կառույցներում: Ազգային ժողովն ընտրվեց որպես առաջինը, որովհետև առաջարկ եղավ նաև ԱԺ-ից և մեզ գրկաբաց ընդունեցին, իսկ պարոն Աբրահմյանն էլ աջակցեց այս ծրագրին», - հայտնեց «Ցուցասրահ 1»-ի տնօրեն Արմինե Անտիկյանը:
Ա. Անտիկյանը տեղեկացրեց, որ ԱԺ-ում ներկայացված է «Ցուցասրահ 1»-ի մշտական ցուցադրանյութը: Տեղեկացնենք, որ «Ցուցասրահ 1»-ը գործում է արդեն 1 տարի:
«Կազմակերպում ենք քննարկումներ, շեշտը դրված է շփումների վրա, որովհետև մենք հիմնվել ենք Արշիլ Գորկու գաղափարախոսության վրա, իսկ նա երազում էր հիմնել չեզոք գոտի, որտեղ արվեստագետները կարող են քաղաքականությունից դուրս ստեղծագործել, կազմակերպել ցուցադրություններ, քննարկումներ, պոեզիայի և երաժշտության երեկոներ», - նշեց Ա. Անտիկյանը:
Ցուցասրահի տնօրենի կարծիքով` ցանկացած մարդ, երբ, թեկուզ մի հայացքով, նայում է արվեստի գործերին, մաքրվում ու ինչ-որ չափով մաքրագործվում է:
«Մենք ուզում ենք, որ բոլորի մոտ այդ գեղեցիկի զգացողությունը լինի: Վստահ եմ, որ բոլորիս մեջ կա արվեստ, քանի որ հայն արվեստապաշտ է», - ընդգծեց Ա. Անտիկյանը:
Նշենք նաև, որ ցուցադրությունը ԱԺ-ում տրելու է երկու շաբաթ: Հաջորդ ցուցադրությունը լինելու է նկարիչ Նարեկ Ավետիսյանի անհատական ցուցահանդեսը` Երևանի քաղաքապետարանի պատմության թանգարանում, որը նվիրվելու է Մինաս Ավետիսյանի ծննդյան 80-ամյակին:
09.04.09, 14:56
No comments:
Post a Comment