«Մեր կուսակցությունը մասնակցում է ընտրություններին հանուն վաղվա բարեկեցիկ, մաքուր, արդար և գեղեցիկ Երևանի»,- հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար, պատգամավոր Արծրունի Աղաջանյանը:
Չնայած այն հանգամանքին, որ Ա. Աղաջանյանի կարծիքով, Հայաստանում ընտրությունները լարված են անցնում, նա հույս հայտնեց, որ «ինչքան կազմակերպված անցկացվեն ընտրությունները, ինչքան լավ տրվեն առկա խնդիրների լուծումները, այնքան Երևանը դրական ազդեցություն կունենա և´ աշխարհի, և´ Հայաստանի մարզերի քաղաքների վրա»:
Նախընտրական քարոզարշավից առաջ չցանկանալով մանրամասնություններ հայտնել ՕԵԿ նախընտրական ծրագրից, պատգամավորը տեղեկացրեց, որ կուսակցությունը «պատրաստել է լավ ծրագիր, որը կընդունվի երևանցիների կողմից»:
Ասուլիսին ներկա ՕԵԿ ավագանու թեկնածու Ջուլիետա Թադևոսյանը, նշելով, որ Հայաստանի հասարակությունը չափազանց քաղաքականացված է, հույս հայտնեց, որ «ընտրողը կառաջնորդվի կուսակցությունների ներկայացրած ծրագրերով և թեկնածուների գործունեությամբ, նրանց ողջ կեցվածքով»:
Թեկնածուները տեղեկացրեցին, որ նկատում են ընտրողների քանակի աճ: Ըստ Ա. Աղաջանյանի, եթե նախագահական ընտրություններից հետո «շատերը չէին հասկանում ՕԵԿ-ի կատարած քայլը (նկատի ունի իշխանական կոալիցիա կազմելը), ապա այսօր դրական են գնահատում դա»:
«Համայնքի ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերն էլ ցանկանում են ճշգրտել` ինչքանո՞վ է իրենց վարած քաղաքականությունն ընկալելի ընտրողների համար»,- մանրամասնեց Ա. Աղաջանյանը` ընդգծելով, որ նկատելի տեղաշաժը կորոշակիանա ընտրություններից հետո:
22.04.2009, 19:14
No comments:
Post a Comment