Friday, April 3, 2009

Մեր թիմը գերազանցել է Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների թիմերին

«Իրավունք եմ ինձ վերպահում Ձեզ իմ գործընկերներն անվանելու, քանի որ այսօր բարձրագույն մասնագիտական կրթությունը ներկայացնել աշխարհին` դրանով իսկ ներկայացնելով նաև մեր ոլորտն, արդեն ոլորտի պատասխանատու գործունեություն է, և Դուք ոլորտի պատասխանատու գործունեության կատարողներ», - հայտարարեց ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը` դիմելով Միջազգային ասպարեզում ամենահեղինակավոր` Ֆիլիպ Ջեսսափի անվան դատախաղ-մրցույթում Հայաստանը ներկայացրած և մրցույթի` Alona E. Evans-ի անվան «Լավագույն գրավոր աշխատանք» 5-րդ մրցանակին արժանացած ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմի անդամներին:

Ա. Ավետիսյանը շնորհավորեց թիմին ձեռքբերման համար և ՀՀ ԿԳՆ շնորհակալագրերով պարգևատրեց թիմի անդամներ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Լևոն Գևորգյանին, Արմենուհի Գառգալոյանին, Տարոն Սիմոնյանին, նրանց մարզիչ և խմբի ղեկավար իրավաբանական գիտությունների թեկնածու Եղիշե Կիրակոսյանին, թիմի իրավախորհրդատու, նույն ֆակուլտետի դասախոս Սառա Շիրազյանին, իսկ թիմն արժանացավ ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրի:

Տեղեկացնենք, որ Հայաստանը Վաշինգտոնում անցկացվող Ֆիլիպ Ջեսսափի անվան դատախաղ-մրցույթին հինգերորդ անգամ էր մասնակցում, իսկ ԵՊՀ-ն ներկայացնող իրավաբանների այս թիմը` երկրորդ: Մրցույթի ընթացքում աշխարհի 80 երկրի համալսարանների շուրջ 120 թիմ իրենց գիտելիքներն ու հմտություններն են չափում միջազգային իրավունքի առավել վիճահարույց և արդիական հիմնահարցերի ոլորտում:

Ա. Ավետիսյանը հպարտությամբ նշեց, որ Հայաստանի թիմը գերազանցել է Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների թիմերին, այն համալսարանների, որոնք «մեզ համար օրինակելի չափանիշներ են հանդիսանում»:

Նշենք նաև, որ մրցույթն իրենից ներկայացնում էր երկու պետությունների իրավական վեճի կարգավորման գործընթաց և բաղկացած է երկու հավասարազոր փուլից` գրավոր և բանավոր: Այս տարի իրավական վեճերը վերաբերել են միջազգային դատարանի իրավազորությանը, մարդասիրական նկատառումներով զինված ուժի գործադրմանը, ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին և արդար դատաքննության իրավունքին: Հայաստանի թիմը բանավոր մրցույթին գրավել է 41-րդ տեղը:


03.04.09, 13:54

Aysor.am

No comments:

Post a Comment