«Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` համանախագահների աջակցությամբ: Սա է ձևաչափը և այլ ձևաչափ գոյություն չունի»,- հայտարարեց Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը մասնակցելու` Թուրքիայի նախագահի հայտարարությունները:
«Չեմ կարծում, որ այստեղ կարող է որևէ կասկած լինել այն հայտարարությունների վերաբերյալ, որոնք արվել են նախապես, այն է, որ Թուրքիան միջնորդի դեր չի կատարում Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում»,- ընդգծեց նախարարը:
Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը այս հարցի վերաբերյալ նշեց, որ Ղարաբաղյան հակամարտության հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքին համապատասխան, իսկ Թուրքիայի մասնակցությունը բացատրեց «ԵԱՀԿ անդամ երկիր լինելու և տարածաշրջանում կարևոր դերակատարություն ունենալու հանգամանքով»:
«Եթե Թուրքիան այս հակամարտության վերաբերյալ հանդես գա առաջարկությամբ, Ադրբեջանը միանշանակ այն կքննի»,- ընդգծեց Մ. Մամեդգուլիևը:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին և սահմանի հնարավոր բացմանը, Է. Նալբանդյանն ասաց, որ «բանակցությունները շարունակվում են և մենք առաջընթաց ենք արձանագրել»: Նրա խոսքերով, հնարավոր է, որ սահմանի բացման հարցը «լուծվի մոտ ժամանակներս»:
Ադրբեջանի փոխարտգործնախարարն իր հերթին բացատրեց Թուրքիայի հետ սահմանի բացման և հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ Ադրբեջանում նկատելի բացասական տրամադրությունները: Մ. Մամեդգուլիևը նշեց, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն «իրենք դիտարկում են` որպես երկու երկրների հարաբերություններ և իրենց կողմնորոշումն է` չմասնակցել երկրների ներքին գործերին»:
«Հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերություններում գոյություն ունեցող իրավիճակը` մենք հետաքրքրվածությամբ ենք հետևում այդ հարաբերություններին»,- տեղեկացրեց Ադրբեջանի փոխարտգործնախարարն ու հավելեց. «Հայաստանի և Թուրքիայի միջև կապի վերականգնումը կարող է կախված լինել միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող հակամարտության լուծումից»:
Ամփոփելով իր խոսքը` Մ. Մամեդգուլիևն ընդգծեց, որ «Հայաստանի և Թուրքիայի միջև կապը խզվել է նաև այն հիմնական պատճառով, որն է Ադրբեջանական հողերի գրավումը (օկուպացիա)»:
16.04.09, 18:06
No comments:
Post a Comment