
«Սփյուռքում համայնքային մեր հանդիպումների ժամանակ, ինչպես նաև` նախարարությունում ստացած դիմումների, խնդրանքների, առաջարկությունների հիման վրա ձևավորեցինք առաջարկ սույն օրինագծով հանդես գալու համար»,- հայտնեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով ԱԺ պատգամավորներին ներկայացրեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հ. Հակոբյանը հիշեցրեց, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ գործող օրենքը սահմանել էր ժամկետ և օրենքի նորմերը կիրառվում էր մինչև 2007 թ-ի հոկտեմբերի 31-ը 27- տարին լրացած անձանց նկատմամբ: Նախարարը նշեց, որ նախաձեռնությունը պայմանավորված է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների զգալի թվով:
«Այս ընթացքում պահանջ եղավ, որպեսզի հարցը ուսումնասիրվեր, քանի որ բացի այս մոտ 30 քաղաքացու նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, և պաշտպանության նախարարության հետ քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ պետք է ժամկետը երկարաձգել»,- մանրամասնեց Հ. Հակոբյանն ու հայտնեց, որ օրինագիծն առաջարկում է օրենքի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2009 թվականի մայիսի 1-ը, քանի որ նշված քաղաքացիները 27 տարին լրանալու պատճառով այլևս ենթակա չեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչի:
Հ. Հակոբյանը նշեց նաև, որ անհրաժեշտություն է առաջացել նաև օրենքով հստակ սահմանել այն քաղաքացիների շրջանակը, որոնց նկատմամբ չեն կիրառվում օրենքի դրույթները: Նա մանրամասն ներկայացրեց այն հիմնական դրույթները, որոնցով էլ պայմանավորված է օրինագծի ներկայացումը:
Նախարարը նշեց նաև, որ ՀՀ կողմից երկքաղաքացիության ինստիտուտի ընդունման և դրան համապատասխան «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում 2007 թվականի մարտին կատարված լրացման (31 հոդված) արդյունքում սահմանվել է, որ մինչև այլ պետության քաղաքացիության ընդունումը ՀՀ քաղաքացի համարվող անձը չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից՝ անկախ նրա կողմից այլ պետության զինված ուժերով ծառայած լինելու հանգամանքից: Այս կապակցությամբ օրենքի 2-րդ հոդվածի 9-րդ կետի կիրառումը դարձել է ոչ նպատակահարմար:
Օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել ևս մի հանգամանք, որը չի նախատեսվել օրենքում: Խոսքը վերաբերում է օրենքի շրջանակներում քաղաքացու կողմից դիմումի ներկայացման գործընթացին, որը ենթակա էր տրման միայն քաղաքացու կողմից՝ անմիջականորեն կամ այլ պետություններում ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական մարմինների միջոցով:
Այլ պետություններում գտնվող քաղաքացիների համար դիմումի և այլ փաստաթղթերի տրման, համապատասխան վճարումների կատարման, պահեստազորում հաշվառվելու արդյունքում զինվորական կոմիսարիատից զինվորական գրքույկի ստացման գործընթացում իրավական բնույթի խոչընդոտներ չառաջանալու նպատակով ՀՀ կառավարության 04.03.2004թ. N 264-Ն որոշման մեջ նախատեսվել էր քաղաքացու գործի քննարկումը լիազորված անձի միջոցով: Այդ նպատակով օրենքում ևս առաջարկվում է նախատեսել դրույթ՝ քաղաքացու գործի քննարկումը լիազորված անձի միջոցով:
Հ. Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ նախագիծը քննարկվել է Պաշտպանության, Ազգային անվտանգության և Ներքին գործերի հանձնաժողովներում, և ստացել է դրական եզրակացություն:
09.04.09, 18:00
No comments:
Post a Comment