Ամեն տարի Նարեկացի արվեստի միությունը կազմակերպում է «Ոգեկոչում արվեստի շնչով» խորագրով միջոցառումների շարք` նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին: Այս մասին Aysor-ին տեղեկացրեց Նարեկացի արվեստի միության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նաիրա Հայրապետյանը:
Ըստ Ն. Հայրապետյանի` միությունն անցած տարվանից կազմակերպում է հնգօրյակներ և ամեն օր արվեստի մի ճյուղի միջոցով անդրադառնում է Եղեռնի թեմային: Այս տարի միջոցառումների մեկնարկը տրվելու է Ադանայի կոտորածների 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմամբ:
Հիշեցնենք, որ ցուցահանդեսին ցանկացողները կարող են մասնակցել տարբեր ժանրերի և ոճերի ստեղծագործություններով: Կցուցադրվի նաև ՆԱՄ-ի կողմից պատրաստված տեսանյութ, որը ներկայացնում է պատմական տեղեկություններ, արխիվային նյութեր, պատմաբանների կարծիքներ և մեկնաբանություններ 1909թ. ապրիլին Ադանա քաղաքում և հարակից բնակավայրերում տեղի ունեցած հայկական կոտորածների վերաբերյալ:
Ն. Հայրապետյանի տեղեկացմամբ` ապրիլի 21-ին Ազգագրագետ Արուսյակ Սահակյանը հրավիրում է զրույց-քննարկումների` Ցեղասպանության մասին մեր ընկալումների, հայ ժողովրդի բանահյուսության, մասնավորապես երգարվեստի մեջ թողած ազդեցության մասին:
«Քանի որ չորեքշաբթի օրերը մեզ մոտ կինոդիտման օրեր են, ապա ապրիլի 22-ին կցուցադրվեն Վիգեն Չալդրանյանի «Ապրիլ» ֆիլմը և Կարեն Գևորգյանի «Ցեղասպանություն առանց մեկնաբանության» ֆիլմերը»,- նշեց Ն. Հայրապետյանը:
Ապրիլի 23-ին ՆԱՄ-ը կներկայանա գրական-երաժշտական երեկոյով: Օրն ամբողջովին նվիրվելու է Մեծ Եղեռնի զոհ Դանիել Վարուժանի 125-ամյակին:
Հնգօրյակը եզրափակվելու է ապրիլի 24-ին` Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ոգեկոչում արվեստի շնչով» համերգով և հուշ-երեկոյով: Համերգին իրենց մասնակցությունն են ունենալու «Շողակաթ» համույթը, Գյուրջիևի անվան անսամբլը, ազգագրագետ Արուսյակ Սահակյանը, «Արատտա» համույթը, «Նարեկացի» ժողգործիքների մանկապատանեկան նվագախումբը և «Փարոս»երգչախումբը:
02.04.09, 11:45
No comments:
Post a Comment