Tuesday, April 21, 2009

Ֆրանսահայ դերասանուհուն մտահոգում է «ճիշտը և սերնդափոխությունը»

Ֆրանսահայ դերասանուհի Նորա Արմանին, ով այս տարի Հայաստանում է գլխավորապես Համահայկական թատերական նախագծի շրջանակներում «Առանց վերադարձի իրավունքի» ներկայացումով հանդես գալու համար, բարձր է գնահատում Հայաստանի թատերական կյանքը, դերասանների ու թատերական փառատոնների մակարդակը և, նույնիսկ, տարեց տարի աճ է նկատում:

Նորա Արմանիի կարծիքով, այն խնդիրները, որոնց մասին Հայաստանում հիշատակվում են, բնորոշ են նաև այլ երկրներին: Նրա խոսքերով, աշխարհում թատրոնը միշտ էլ «ճգնաժամում է և մնում է կինոյի ու հեռուստատեսության աղքատ ընկերը»:

«Այն, ինչ ես տեսել եմ Հայաստանում, ոչնչով հետ չի մնում աշխարհի թատրոններից»,- ընդգծեց ֆրանսահայ դերասանուհին, ով խաղում է աշխարհի շատ երկրների բեմերում:

«Կարևորը շփումն է, իսկ փառատոները ստեղծում են այդ շփումը և արդյունքում հարստանում են և նրանք, ովքեր Հայաստան են եկել արտերկրից, և այստեղի թատերական գործիչները»,- բացատրում է Ն. Արմանին, ում կարծիքով մենք` հայաստանիցիներս, «աճն այնքան լավ չեք նկատում, քանի որ մշտապես ներսից եք դիտում»:

«Միակ մտահոգիչն այն է, որ մարդիկ կարծում են, որ ամենաճիշտն իրենք են: Այս հանգամանքը կա Հայաստանում, և այդ պարագայում չգիտես, թե ինչպե՞ս քեզ պահես, և հենց այդտեղ էլ վերջանում է շփումը»,- խոսելով Հայաստանում արվեստագետին անհանգստացնող խնդիրներից` ասաց Նորա Արմանին:

«Հայաստանում մեկ ուրիշ խնդիր էլ կա վախենալու, այն է, որ մեծերից փոքրեր սերնդային անցումը լավ չի ստացվում, որովհետև որոշ սերունդ կա, որ կարչել է և չի ուզում տեղից շարժվել»,- նշեց դերասանուհին և ընդգծեց. «Պետք է հասկանալ, որ նոր միտքը, նոր մտածելակերպը, նոր աշխատելաոճը շատ կարևոր է»:


20.04.2009, 17:19

Aysor.am

No comments:

Post a Comment