«Արցախի հարցն ընդհանրապես պետք է բանակցություններից դուրս լինի, քանի որ այն Հայաստան-Ադրբեջան-Արցախ հարաբերությունների խնդիր է»,- ասաց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հասարակական կազմակերպության գիտաշխատող, թուրքագետ Րաֆֆի Քորթոշյանը և ավելացրեց. «Եթե Թուրքիան մեզ մեղադրում է, որ մենք տարածքներ ենք գրավել Ադրբեջանից, նախ և առաջ պետք է մտածի Կիպրոսի հետ իր արածի մասին, ու, որ, ի տարբերություն իրեն, ոչ մի եվրոպական պետություն սահմները չի փակել իր առաջ»:
Ր. Քորթոշյանի կարծիքով, եթե Թուրքիան` որպես սահմանը բացելու նախապայման ներկայացնում է Ցեղասպանության հարցը, ապա Հայաստանը պետք է ներկայացնի «Էջմիածնին, Կոստանդնուպոլսի պատրիարքարանի, Կիլիկիո կաթողիկոսությանը պատկանող կալվածքների հարցը, եթե ուզում են արխիվներ բացեն, մենք պետք է պահանջենք, որ բացեն նաև իրենց կադաստրները և հարցնենք` ի՞նչ եղան Օսմանյան պետությունում բնակվող հայերի սեփականությունները»:
«Ինչ վերաբերում է Կարսի պայմանագիրի ստորագրմանը, ապա մենք չենք կարող ոչ ասել, բայց մենք այդ ժամանակաշրջանի մեջ ստորագրել ենք նաև Սևրի, Լոզանի պայմանագրեր, և պետք է քննարկվեն այդ պայմանագրերն էլ»,- մանրամասնում է թուրքագետը: Ըստ նրա, Հայաստանը պետք է այս ամենը ներկայացնի Թուրքիային, որ ոչ թե «մենք մերժենք նախապայմաններն ու ասենք` ոչ, այլ իրենք ասեն` ոչ»:
Ր. Քորթոշյանը համոզված է, որ Հայաստանի կողմից Կարսի պայմանագիրը ստորագրելուց հետո, Թուրքիան մյուս երկու նախապայմանները պարտադրելու է` իր ուզած ձևով: Այդ է պատճառը, որ, ըստ նրա, «մեզ պետք է ժամանակ` պատրաստվելու ամեն կողմից, հաշվելու, թե ի՞նչ կտա մեզ սահմանի բացումը»:
«Թուրքիան մեր սև աչքերի համար չէ, որ ուզում է սահմանները բացել: Մենք հիմա քաղաքական խաղի մեջ ենք: Եթե ճիշտ կարողանանք խաղալ, պայքարել, մենք կշահենք, եթե ոչ` կշահի հակառակ կողմը»,- ընդգծեց Ր. Քորթոշյանը, ով նաև հավելեց, որ, ի տարբերություն Թուրքիայի, «մենք մտածում ենք ոչ թե ազգային, այլ տնտեսական շահի մասին, իսկ վերջին հաշվով, ազգային շահերին ձգտողն է, որ հաղթող է դուրս գալիս»:
«Եթե մենք այսօր ստորագրենք Կարսի պայմանագիրը, վաղը սահմանը բաց կլինի: Կանխատեսումս այս է»,- ամփոփելով իր խոսքը` ասաց թուրքագետ Ր. Քորթոշյանը:
18.04.2009, 18:17
No comments:
Post a Comment