
«Ձեր անհանգստությունն անտեղի է և անհիմն: Եթե դուք ինչ-որ բան մի քանի անգամ ասում եք, դրանից ոչ մի բան չի փոխվում»,- ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների այն հորդորներին, որ անհրաժեշտ ու հրատապ է ԱԺ այս քառօրյա նստաշրջանում ընդգրկել Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցերը, որոնք ի հայտ են եկել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարությունների ապրիլի 22-ի գիշերը տարածած հաղորդագրությունից հետո:
Հ. Աբրահամյանի խոսքերով, պատգամավորներն առաջարկում են «մի բան, որ իրենք էլ չգիտեն` ինչի՞ մասին են խոսում»:
«Ի՞նչ հարց ես ընդգրկեմ քառօյա նիստ: Ինչի՞ մասին է խոսքը: Եթե ընդհանուր պետք է վերցնենք ու ընդգրկենք Թուրքիա-Հայաստան հարաբերությունները, իմ կարծիքով անիմաստ է»,- ընդգծեց ԱԺ նախագահը ու նշեց, որ հարցի առնչությամբ, ինչպես խոստացել է, «այս երկու օրը կորոշենք, կքննարկենք ու կխորհրդակցենք ֆրակցիաների ղեկավարների հետ»:
ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը հորդորեց յուրաքանչյուր պատգամավորի «իրեն չդրսևորել այնպես, թե ինքն ավելի շատ է Հայաստանի, ժողովրդի, պետության մասին մտածում, քան յուրաքանչյուր մեկ այլ պատգամավոր կամ յուրաքանչյուր քաղաքացի»:
«Ես առաջարկում եմ, որ լինի կառուցողական քննարկում, որ այն ունենա իմաստ, որ իմանանք, թե ինչի՞ մասին ենք խոսելու: Թե չէ, եթե պետք է նստենք, խոսենք ու գործ չանենք, ես դրան դեմ եմ»,- ելույթն ամփոփեց Հ. Աբրահամյանը:
27.04.2009, 20:50
No comments:
Post a Comment